«Եթե մենք «հայտնվենք», վստա՞հ եք, որ մեզ ծաղիկներով կդիմավորեն Երևանում և Բաքվում»․ Տարասով

«Ռուսաստանին ինչո՞ւ է պետք բարձրաստիճան դիվանագիտական նախաձեռնություն՝ ուղղված Արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կարգավորմանը»,- 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի 9-րդ օրվա դրությամբ համանախագահ երկրների և միջազգային հանրության դիվանագիտական ջանքերին։

Ստանիսլավ Տարասովը նախ ասաց այն, ինչ ասում էր պատերազմի առաջին օրերին․ «Դիվանագիտությունն այս պարտիան պարտվեց, լիովին»։

Ըստ նրա, դիվանագիտության շրջանակում պետք է նախաձեռնվեն իրական քայլեր՝ պատժամիջոցներ, խաղաղապահ առաքելության տեղակայում, զորքերի տեղակայում և այլ քայլեր։

Տարասովի կարծիքով, երբ պատերազմն ընթանում է նման կոնկրետ գործողություններով և ակցիաներով, ապա, կարելի է ասել, որ դիվանագիտությունն աշխատում է։

«Իսկ բոլոր մակարդակներում այն, ինչ մենք այս օրերին լսում ենք՝ «լյա-լյա-լյա»-ներ են, որոնք որևէ մեկին պետք չեն, քանի որ այնտեղ իրական կռիվ է գնում։ Այս իրավիճակում պատերազմող ղեկավարները, հասարակություններն են թելադրում իրավիճակը։ Այսքան բան»,- ասաց նա։

Խոսելով վերջին օրերին հայ-ռուսական մամուլում շրջանառվող ռուս խաղաղապահների տեղակայման մասին՝ Տարասովը վստահեցրեց, որ Ռուսաստանը չի դիտարկում ռուս խաղաղապահների տեղակայում Արցախում։

Ըստ նրա, այդ հարցը դիտարկվել է, և այդ թեման մշտապես առկա է եղել վերանայված Մադրիդյան սկզբունքներում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։

Նրա խոսքով, այդ հարցը համանախագահ երկրների խնդիրն է, և ոչ միայն՝ Ռուսաստանի։

«Կան նաև ԱՊՀ երկրները, Ադրբեջանը ԱՊՀ անդամ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ, իսկ խաղաղապահ առաքելության ներկայություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ հակամարտության բոլոր կողմերը համաձայն լինեն, որպեսզի այդ գոտում խաղաղապահներ տեղակայվեն։ Պատահական չեմ խոսում այդ մասին, կարծում եմ՝ այդ հարցում խնդիր կա»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Ալ Ջազիրային տված հարցազրույցում լրագրող Բերնարդ Սմիթի հարցին, թե՝ «Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում», պատասխանել էր. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Ավելի վաղ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ռուս հայտնի լրագրող, հաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովի «Соловьёв LIVE» յութուբյան հաղորդաշարի եթերում, արձագանքելով Սոլովյովի դիտարկմանը, թե գուցե Ռուսաստանը ոչ թռիչքային գոտի ստեղծի և խաղաղապահնե՞ր մտցնի Արցախ, ասել էր․ «Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա մեզ մոտ ոչ միանշանակ կարծիք կա, քանի որ կա 1991 թվականի դառը փորձը՝ «Կոլցո» օպերացիան և այլն, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանն այլ հնարավորություններ ունի Ադրբեջանին ագրեսիայի այս գործողությունից ետ պահելու համար»։

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ բոլոր երկրների դիվանագիտությունը, այդ թվում՝ Ռուսաստանի, հրապարակային և ոչ հրապարակային տեղապտույտի մեջ է՝ զանգեր, խոսակցություններ, բանակցություններ, և բոլորը՝ անօգուտ։

«Իգոր Պոպովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ինչ-որ բան է խոսում, ինչ-որ բան համոզում, ինչ-որ պայմաններ առաջարկում, բայց դրանք չեն աշխատում, որովհետև երբ թնդանոթներն են կրակում, դիվանագիտությունը լռում է։ Դիվանագիտությունը պետք է աշխատեր մինչ պատերազմը, հիմա դիվանագիտությունը տապալվել է, կողմերը պատերազմում են, և նրանք պետք է գան եզրահանգման, որ պետք է դադարել ու բանակցել։ Դեռ նման տրամադրություն Ադրբեջանի կողմից չենք տեսնում, Հայաստանի կողմից տեսնում ենք հայտարարություններ, որ՝ այո՛, Մինսկի խումբը, Ադրբեջանը ևս անում է նման հայտարարություններ, բայց կան պայմաններ, և ընթանում են խոսքեր, որոնք հիմնականում կրում են տեղեկատվաքարոզչական բնույթ»,- ասաց Տարասովը։

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ ռազմավարական դաշնակից երկիրը՝ ՌԴ ղեկավարությունը, ինչպես ավելի վաղ նման իրավիճակներում, բարձրաստիճան նախաձեռնություններով հանդես չի գալիս, Տարասովն ասաց․

«Իսկ մեր ինչի՞ն է դա պետք։ Մենք գնացինք Սիրիա, երբ ամեն ինչ ջախջախված էր, և մեզ դիմավորեցին ծաղիկներով, եթե մենք «հայտնվենք», վստա՞հ եք, որ մեզ ծաղիկներով կդիմավորեն Երևանում և Բաքվում։ Ես դրան չեմ հավատում։ Ես ընդգծում եմ, որ չեմ ցանկանում, որ մենք որևէ կերպ ներկայանանք, չեմ ցանկանում, որպեսզի ռուսներն այնտեղ հայտնվեն, որպեսզի մեզ չասեն՝ օկուպանտներ։ Դուք եք պատերազմում, պատերազմե՛ք»։

Մեր դիտարկմանը, թե ո՞ւր մնացին ՀՀ-ի ռուսական անվտանգության երաշխիքներն ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, Տարասովն ասաց, որ, եթե հարձակում լինի Հայաստանի տարածքի վրա, այդ դեպքում ՌԴ-ն ինչ-որ բան կասի։

Նրա խոսքով, ռուսական երաշխիքները միմիայն Հայաստանի համար են, և ոչ՝ Արցախի։

«Դուք ինքներդ չեք կարողանում լուծել Ղարաբաղի խնդիրը, մե՛կ «Միացում» եք ասում, մե՛կ՝ «անկախության ճանաչում»։ Եթե Դուք չեք կողմնորոշվում, մեզ եք առաջարկում լուծել, և եթե մենք լուծենք Ղարաբաղի խնդիրը, ապա դա կլինի արդեն մեր տարածքը»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս