ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կարևորել են պատերազմական գործողությունների դադարեցումը
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունները, դրանց արդյունքում Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը:
Անդրադառնալով Թուրքիայի ապակայունացվող ներգրավվածությանը և վերջինիս աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ հակամարտության գոտում տեղակայմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է արտատարածաշրջանային ուժերի անհապաղ դուրսբերումը։
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն ընդգծեցին պատերազմական գործողությունների դադարեցման կարևորությունը: