Ռուսաստանցի զբոսաշրջիկները նշել են այն երկրները, որտեղ իրենք կցանկանային աշխատել և սովորել
Ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են առցանց-ծառայության կողմից անցկացված հարցմանը, պատմել են, թե իրենք որ երկրներ կցանկանային մեկնել աշխատելու եւ սովորելու համար: Այդ մասին հաղորդել է OneTwoTrip-ը։
Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 2200 օգտատերերի շրջանում եւ պարզել, որ նրանց մեծամասնությունն այդ նպատակների համար լավագույն վայրը համարում է հայրենիքը. 22 տոկոսը նշել է Ռուսաստանը: ԱՄՆ-ն ստացել է ձայների 10 տոկոսը, Մեծ Բրիտանիան կընտրեր 8 տոկոսը: Նաեւ շատերին հրապուրում են Գերմանիան եւ Ավստրալիան:
Աշխատելու եւ սովորելու համար երկիր ընտրելիս գլխավոր չափանիշը սուբյեկտիվ է. 44 տոկոսը կարծումէ, որ այնտեղ լավագույն պայմանները հենց իրենց համար են: 27 տոկոսը քվեարկում է այն պետության օգտին, որտեղ կարելի է լավ վաստակել, իսկ հարցվածների քառորդ մասի համար նշանակություն ունի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը:
Մասնագիտությունն իրականացնելու հնարավորությունը կարեւոր է հարցման մասնակիցների գրեթե քառորդ մասի (22 տոկոսի) համար: Յուրաքանչյուր հինգերորդն ընտրել է այն երկիրը, որի լեզվով կարող է խոսել: Իսկ ահա ընկերների ու հարազատների մոտիկ գտնվելու փաստն օգտատերերին ամենաքիչն է հետաքրքրում. այդ պատասխանն ընտրել է մասնակիցների միայն 16 տոկոսը:
Հարցվածների կեսը նշել է Ռուսաստանը, քանի որ այստեղ է իրենց տունը, իրենք ազատորեն խոսում են ռուսաց լեզվով, այստեղ ամեն բան իրենց ծանոթ է: Փոքր-ինչ պակաս մասը՝ 42 տոկոսը, ընդունել է, որ հայրենիքում իրենց պահում են ընկերական ու ազգակցական կապերը, իսկ 40 տոկոսն ասել է, թե իրենք աշխատելու համար լավ պայմաններ ունեն: Առանձին զբոսաշրջիկներ պատմել են, որ պարզապես սիրում են իրենց հայրենիքը, եւ այն ոչ մի այլ երկրի հետ չեն փոխի:
Հետաքրքրական է, որ միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների ընդամենը վեց տոկոսը կարծում է, որ կարելի է բավարար չափով վաստակել Ռուսաստանում: Փողի համար շատերը կմեկնեին ԱՄՆ (այսպես է պատասխանել 17 տոկոսը), Գերմանիա (12 տոկոսը) եւ Մեծ Բրիտանիա (ութ տոկոսը):
ԱՄՆ-ում, շատերի կարծիքով, մասնագիտական զարգացման եւ կարիերայի աճի հիանալի հեռանկարներ կան: Մեծ Բրիտանիան գրավում է որակյալ կրթությամբ, Իսկ Ավստրալիան, մասնակիցներից շատերի համար, աշխատանքի եւ ուսման համար լավագույն պայմաններով վայրն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: