Թուրքիան չպետք է աջակցի ԼՂ հակամարտության որևէ կողմի. Բունդեսթագի խմբակցության ղեկավար

Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության գործադիր ղեկավար (Parliamentary Secretary), Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մանֆրեդ Գրունդը ելույթ է ունեցել Բունդեսթագում` անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և նշել, որ պետք է Թուրքիային կոչ արվի հակամարտության որևէ մեկի կողմը չբռնել, չդառնալ կողմ, չցուցաբերել աջակցություն՝ ոչ նյութական, ոչ զինյալների տեղափոխման տեսքով, նաև՝ դադարեցնել ռազմատենչ հռետորաբանությունը:

Մանֆրեդ Գրունդը ընդծել է. «Նախկին ԽՍՀՄ փլուզման մեկ այլ ասպեկտ, որը մեզ մինչ օրս անհանգստացնում է, սառեցված հակամարտություններն են. դրանցից են Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսեթիան և օրեր առաջ կրկին սրված հակամարտությունը՝ Լեռնային Ղարաբաղը:

Լեռնային Ղարաբաղը Կովկասում։ Այնտեղ է ապրում հայկական ծագումով 140.000 մարդ, տարածքի համար տասնամյակներ շարունակ պայքար է գնում: 1988-1989թթ., նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո, սկսվեցին առաջին շարժումները, որոնք անմիջապես արյան մեջ խեղդվեցին: Դրան հետևեց քաղաքացիական պատերազմն Ադրբեջանում, գաղթ, տարհանում: Արդյունքը ստատուս քվոն էր՝ ոչ թե խաղաղություն, այլ փաստորեն մինչ օրս պահպանվող պատերազմական իրավիճակ, որն այժմ թեժանում է, և Լեռնային Ղարաբաղը ռմբակոծվում է: Մարդիկ կրկին գնում են հակաօդային պաշտպանության ապաստարաններ՝ վախենալով իրենց կյանքի համար: Կրակը շարունակվում է, քաղաքացիական անձիք, զինվորներ են զոհվում:

Ի՞նչ կարող ենք անել դրա դեմ: Այդ մասին բազմիցս է խոսվել: Մենք շատ հեռու ենք, ո՛չ մասնակից ենք, ո՛չ էլ դատավոր: Սակայն մենք կարող ենք առնվազն բոլոր մասնակիցներին կոչ անել խելքի գալ, կարող ենք ասել, որ մենք պահանջում ենք, որ զինված հակամարտություններին վերջ դրվի: Պետք է նաև երրորդ կողմին, այս դեպքում՝ հատկապես Թուրքիային, կոչ անենք, որևէ մեկի կողմը չբռնել, չդառնալ կողմ, չցուցաբերել աջակցություն՝ ոչ նյութական, ոչ զինյալների տեղափոխման տեսքով, նաև՝ դադարեցնել ռազմատենչ հռետորաբանությունը, որպեսզի այս բզկտված տարածաշրջանը հնարավորություն ունենա վերադառնալու խաղաղությանը: Այնուհետև, մենք պետք է Ղարաբաղում բնակվող մարդկանց հումանիտար աջակցություն տրամադրենք, քանի որ նրանք ևս խաղաղ, քաղաքակիրթ կյանքի իրավունք ունեն»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Տեսանյութեր

Լրահոս