ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ նշելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար: Այս մասին հաղորդում են Եվրոպայի խորհրդի կայքից:

«Ես խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման վերսկսման համար, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի», – ասել է Դունյա Միյատովիչը:

Նա պետություններին հիշեցրել է նաև կյանքի իրավունքը պաշտպանելու և բնակչությանը խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից, պատժից պաշտպանելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորության մասին՝ շեշտելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ իրավունքների համար:

«Ես կցանկանայի շեշտել հակամարտության գոտուց օբյեկտիվ լրատվության հաղորդման կարևորությունը, քանի որ սխալ հաղորդումը և քարոզչությունը կարող են միայն հետագայում լարել լարվածությունը: Ես կոչ եմ անում ԶԼՄ-ներին ՝ հակամարտության մասին ռեպորտաժներ պատրաստելիս՝ առաջնորդվել լրագրողական էթիկայի և արհեստավարժության հնարավոր բարձրագույն չափանիշներով»,-նշել է նա:

Միյատովիչը երկու կողմերին էլ կոչ է արել դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Դա միակ միջոցն է ՝ փրկելու զինվորականների և քաղաքացիականների կյանքը և պաշտպանելու խաղաղ բնակչությանը նոր ռազմական բախման կործանարար ազդեցությունից»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս