«Հայկական կողմից բարձրաստիճան զինվորական կորուստներ չեն եղել, Մարտունիի զորամասն ամբողջական չի ոչնչացվել, ապատեղեկատվություն է». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հակառակորդն ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը»։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա մանրամասնեց, որ սա վերաբերում է Արցախի հյուսիսային և հարավային հատվածներին՝ մերձարաքսյան հովիտ, Թալիշի և Մատաղիսի ուղղություններ:
«Այլ ուղղություններում էլ են մարտեր ընթանում. Մարտունիի ուղղությամբ են ընթացել մարտեր, Ասկերանի որոշակի ուղղությամբ: Բայց հիմնական ուղղությունները նշված հյուսիսային և հարավային ուղղություններն են»,-նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ րոպեներ առաջ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր բարձրաստիճան զինվորական կորուստներ են եղել, ինչպես նաև Մարտունիի զորամասն է ամբողջական ոչնչացվել, դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չի իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են մեր և իրենց կորուստները, դրա համար փորձելու են մշտապես իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել»,- ընդգծեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Նախիջևանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է, ըստ Հովհաննիսյանի, զգոնությունը պահվում է, քանի որ դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա:
«Եթե ՀՀ-ն թիրախավորվել է, արդեն երկրորդական է այս կամ այն ուղղությունը»,-ասաց նա: