Բանականության խաղեր
Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, «Փաստինֆո» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադառնալով «Հայկական Ժամանակ» օրաթերթի երեկվա հրապարակմանը («ՀՀ կառավարությունը չորս ամսում չի կարողացել պատասխանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին 2008-ի մարտի 1-ի տնային կալանքի ենթարկելու և 2008-ի մարտի 1-ի ցույցը ուժով ցրելու վերաբերյալ Եվրոդատարանի հարցերին»), հայտարարել է.
«Մենք կներկայացնենք մեր փաստարկները, որոնք կրկին հիմնավորում են, որ տնային կալանքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները բացարձակ անհիմն են և փաստական որևէ հանգամանքներից զուրկ: Դա ոչ թե տնային կալանք է եղել, այլ իր անվտանգության երաշխավորմանն ուղղված գործընթաց: Այն հանգամանքը, որ դատարանն այս հարցում որոշում չի կայացրել Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկների հիման վրա, այլ անհրաժեշտ է համարել կառավարության հետ լրացուցիչ քննարկել, ինքնին հիմնավորում է այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները միանշանակ չեն»:
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը 168.am-ի հետ զրույցում Գևորգ Կոստանյանի հայտարարությանն անդրադառնալով` նշեց. «Ես կմեկնաբանեմ, եթե կառավարության պաշտոնական պատասխանը լինի: Երբ դա ունենամ իմ ձեռքի տակ, այդ ժամանակ կմեկնաբանեմ: Մինչ այդ թե լրագրողներին, ԶԼՄ-ներին ինչ են ասել, այս պահին ինձ համար կարևոր չէ: Թեև ցանկացած բանական մարդու համար. այն փաստը, որ Լ.Տեր-Պետրոսյանն այդ օրը (մարտի 1-ին.- Ա.Ս.) գտնվել է փաստացի տնային կալանքի տակ, որևէ կասկած չի կարող հարուցել` բանական մարդու համար: Բայց մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ իշխանության շատ ներկայացուցիչների մոտ դա, փաստորեն, կարող է կասկած հարուցել»: