Գևորգ Կոստանյան. «Մեր փաստարկները հիմնավորում են , որ Տեր-Պետրոսյանի պնդումները բացարձակ անհիմն են»
«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում թերթը, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում գտնվող՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայցի հիման վրա գործին, նշել է, որ 2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ գործով ՀՀ կառավարությանը հարցեր է ուղղել էր դեռևս այս տարվա մայիսին, պատասխանելու ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի 11-ին։
«Պարզվում է՝ կառավարությունը Եվրադատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Այս մասին թերթի թղթակցին տեղեկացրել է Եվրադատարանում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը, նշելով, որ ԵՄ-ն ընդառաջել է խնդրանքին և ժամկետը ևս երկու ամսով երկարացրել՝ մինչև նոյեմբերի 5-ը։
Ինչի՞ վրա են հիմնված պարոն Տեր-Պետրոսյանի փաստարկները և ինչպիսի՞ մոտեցում է որդեգրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը:
Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը «Pastinfo.am»-ի հարցին ի պատասխան նշել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 30.08.2008թ. հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր մի շարք իրավունքների խախտումները:
Մասնավորապես, նա վիճարկում էր, որ խախտվել են կոնվենցիայի խոսքի ազատության իրավունքը, միավորման իրավունքը, արդար, ազատ ընտրություններին մասնակցելու իրավունքը, անձեռնմխելության իրավունքը և ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ կապված իր ենթադրյալ տնային կալանքի հետ:
«Եվրոպական դատարանում հայցի քննարկման արդյունքում 15.05.2012թ. ՄԻԵԴ-ը կայացրեց որոշում, որով փաստեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները Կոնվենցիայի 10, 11, 13, 15 և 3-րդ արձանագրության 1-ին հոդվածների ենթադրյալ խախտման մասով ամբողջությամբ անհիմն են և այդ հիմքով եվրոպական դատարան բոլոր պահանջները ճանաչեց անընդունելի»,- նշել է Գևորգ Կոստանյանը, ավելացնելով, որ միաժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը վիճարկում էր, որ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը ինքնին խախտում էր իր իրավունքնեը՝ կոնվենցիայի 10, 11-րդ հոդվածների հետ կապված: Այսինքն նաև վիճարկվում էր այդ հրամանագրի՝ կոնվենցիային համապատասխանության մասով:
Եվրոպական դատարանը համարել է, որ այդ բոլոր պնդումները անհիմն են, և հայցն անընդունելի է ճանաչել, բացառությամբ այն դրույթի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, պնդում էր, թե իրեն ենթարկել են տնային կալանքի և այն, որ ինքը չի ունեցել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ:
Ինչ վերաբերում է այս երկու կետերին, ապա եվրոպական դատարանը դեռևս որոշում չի կայացրել, նույնիսկ ընդունելի չի ճանաչել , և համարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները դեռևս անհիմն են, բայց դրանք լրացուցիչ քննարկման կարիք ունեն կառավարության հետ:
Գևորգ Կոստանյանը տեղեկացրել է, որ այս փուլում ՀՀ կառավարությունը պատրաստվում, է ներկայացնել իր դիրքորոշումն ընդամենը այս երկու հարցերի առնչությամբ: Այսինքն ՝ նրան ենթադրյալ տնային կալանքի ենթարկելու փաստով և միավորման իրավունքի, արդյունավետ բողոքարկման իրավունքի երաշխավորման մասով: Մնացած մասով ամբողջությամբ մնացած մասով պահանջներն ամբողջությամբ անհիմն են ճանաչվել:
Նա տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ը անհիմն է ճանաչել նաև ընտրությունների արդյունքների և ընթացքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի վիճարկումը, որով նա պնդում էր, թե ընտրությունները չեն եղել արդար և թափանցիկ, ինչը խախտել է իր՝ կոնվենցիայով երաշխավորված իրավունքը: Դատարանը փաստորեն անհիմն և փաստական հանգամանքներից զուրկ է համարել նրա այդ պնդումը:
Ինչ վերաբերում է կառավարության հետ քննարկմումներին, ապա դատարանի կողմից ժամկետ է սահմանվել մինչև նոյեմբերի 7-ը:
«Մենք կներկայացնենք մեր փաստարկները, որոնք կրկին հիմնավորում են , որ տնային կալանքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները բացարձակ անհիմն են և փաստական որևէ հանգամանքներից զուրկ: Դա ոչ թե տնային կալանք է եղել, այլ իր անվտանգության երաշխավորմանն ուղղված գործընթաց: Այն հանգամանքը, որ դատարանն այս հարցում որոշում չի կայացրել Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկների հիման վրա, այլ անհրաժեշտ է համարել կառավարության հետ լրացուցիչ քննարկել , ինքնին հիմնավորում է այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները միանշանակ չեն»,- նշել է Գևորգ Կոստանյանը: