Բաժիններ՝

«Մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. կիզակետում հյուսիսային և հարավային ուղղություններն են». Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ տարբեր ինտենսիվությամբ: Հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նորից կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները: Այսօր առավոտյան մենք նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Մասնավորապես, րոպեներ առաջ Արցախի ՊԲ-ն հրապարակեց տեսանյութեր, որ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողություններն Ադրբեջանի հետ են մղվել՝ տանկային ստորաբաժանումներով, և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են 10-11  միավոր զրահատեխնիկա, հիմնականում՝ տանկեր: Նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր, և այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթև մարտեր, այլ ուղղություններով մարտերը շարունակվում են»,- նշեց նա՝ հավելելով, որ օրվա ընթացքում հակառակորդի կողմից հրետակոծվել են հյուսիսային հատվածի բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտը, դրա հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդի կորուստները ճշտվում են, լրացուցիչ կհայտնեն:

Ինչ վերաբերում է հայկական վիրավորներին, նա ասաց, որ վիրավորներ են տեղափոխել ՀՀ հոսպիտալներ և հիվանդանոցներ, և որ վիրավորումների մեծ մասը թեթև է, և շատերն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են  շարք՝ կատարելու իրենց մարտական խնդիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս