Կրեմլը բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում
Կրեմլը, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված, բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում: Այսպիսի հայտարարություն է երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս պահին մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, առաջին հերթին՝ հակամարտության կողմերին, առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել գործերի վարման ռազմական մեթոդներից եւ նաեւ հրաժարվել ցանկացած այնպիսի քայլերից, որոնք կարող են արդեն իսկ ռազմական փուլում գտնվող իրավիճակի հետագա անցանկալի սրում հրահրել»,- ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ, քանի որ երեկ նա զրուցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Միեւնույն ժամանակ, Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ռազմական գործողությունները վերսկսելուց հետո առաջին իսկ ժամերից Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է եղել իր գործընկերների հետ»:
Պեսկովն ասել է, որ Կրեմլում չեն կարծում թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կանխամտածված հրահրվել է Ռուսաստանի վրա որեւէ ազդեցություն գործելու համար:
«Ոչ, չեն դիտարկում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում դիտարկում են արդյոք Ղարաբաղում հակամարտության սրումը որպես Ռուսաստանի վրա ազդեցություն գործելու համար հրահրում՝ Բելառուսում իրավիճակի հետ եւ Ալեքսեյ Նավալնու հետ կապված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ, իհարկե, կատարում է կարգավորման գործընթացում այդպիսի պատրաստ միջնորդի դերը, եւ այդ պատրաստակամությունը ընդգծվել է տարբեր մակարդակներում, շեշտվել է: Հիմա շատ կարեւոր է, առաջին հերթին, դադարեցնել ռազմական գործողությունները, եւ ոչ թե պարզել, թե ով է ճիշտ, ով` մեղավոր: Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել: Այս դիրքորոշումն է, որ Ռուսաստանին հնարավորություն է տալիս օգտագործել իր ազդեցությունն ու ավանդաբար լավ հարաբերությունները երկու երկրների՝ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ, այս հակամարտությունը լուծելու համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը պատկերացում ունի, թե ով է Լեռնային Ղարաբաղում հակամարտության նախաձեռնողը, եւ ով է շահագրգռված դրանում:
Նրա խոսքով՝ Մոսկվան լիակատար կապի մեջ է Անկարայի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Երեկ արտաքին գործերի նախարարության միջոցով շփումներ եղան Անկարայի հետ: Հետեւաբար, այստեղ նույնպես ռուսական կողմը լիարժեք կապի մեջ է»,- լրագրողներին ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե նախատեսվու՞մ է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույց՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: