Պետք է հասկանանք հետևյալը՝ Արցախյան ազատամարտն էլ տևեց շուրջ 2-2.5 տարի, պետք է նախապատրաստվենք լայնամասշտաբ գործողությունների և դիմադրության. Սեյրան Օհանյան. tert.am

Այս պահին մենք կարող ենք արձանագրել՝ բավականին լուրջ և բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ոչ միայն Հայաստանի և Արցախի շուրջ, այլ՝տարածաշրջանում. արցախյան հատվածում մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական դավադրության հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Օհանյանն ընդգծեց, որ եթե ապրիլյան պատերազմի ժամանակ՝ 2016-ին, Թուրքիան այնքան էլ չէր նկատվում, ապա այս անգամ Թուրքիայի մասնակցությունը միանշանակ նկատելի է և ոչ միայն մեզ, այլև միջազգային հանրության համար: «Նկատելի է և՛ նրանց զինվորականների մասնակցությունը, և՛ ռազմական տեխնիկան, և՛ Թուրքիայի դավադիր իշխանությունների անմիջական պլանավորմամբ Սիրիայից վարձականների մասնակցությունը մարտական գործողություններին: Պաշտպանության բանակն այսօր մարտական գործողություններ է վարում իր պլանի համաձայն, ՀՀ զինված ուժերը համագործակցում են վերաբերող մասով՝ աջակցություն ցույց տալու համար»,- ասաց նա:

Օհանյանը նշեց՝ մարտական գործողություններ են ընթանում, և բնականաբար, այդ մարտական գործողությունների ընթացքում լինում են և՛ հաղթանակներ, և՛ զիջումներ, և՛ անհաջողություններ, բայց մենք պետք է հասկանանք հետևյալը՝ Արցախյան ազատամարտն էլ տևեց շուրջ 2-2.5 տարի, պետք է նախապատրաստվենք լայնամասշտաբ գործողությունների և դիմադրության:

«Մեզ կփրկի միայն ազգային միաբանությունը, հայ ժողովրդի համախմբումը, հավաքական ուժը, բանակի շուրջ համախմբվելը, նաև միջազգային համագործակցությունը, ռազմական համագործակցությունը հատկապես ՌԴ-ի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Պետք է նաև միջազգային հանրությանը հասկացնենք, որ այսօր դավադիր ուժը ոչ թե Ադրբեջանն է, Ադրբեջանն այսօր շատ թույլ է, այլ՝ Թուրքիան: Պետք է համախմբվեն բոլոր այն ուժերը, որոնք կառուցողական են տրամադրված Թուրքիայի դեմ երկարատև, նաև հիբրիդային պատերազմի»,- շեշտեց նա:

Օհանյանը նաև ասաց, որ մեր զինվորները, հրամանատարները հմուտ են և հերոսաբար են կռվում: «Ցավոք, նաև ունենք զոհեր, դա ցավալի է, պետք է արձանագրենք՝ մեզ համար մեկ զոհն էլ շատ մեծ զոհ է, բայց, ցավոք սրտի, մեծ խնդիրները, գաղափարական խնդիրները, մայր հողը պահանջում է նաև թափված արյուն: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր այս օրերին զոհվեցին, նրանց գործը բոլորս միասին պետք է շարունակենք: Ուզում եմ դիմել բանակի ղեկավարությանը և զինվորներին՝ բազմաթիվ են նախկին պատերազմի մասնակցիները, ազատամարտիկները, նախկին գեներալները, սպաները, չնայած նրան, որ մեզ մոտ նախկին զինվորական, սպա, կամ նախկին երկրապահ չի լինում, բոլորը պատրասը են այսօր կանգնելու բանակի կողքին և ապահովելու Արցախի անվտանգությունը»,- վստահեցրեց Արցախի հերոսը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս