«Հետագա իրավիճակը կախված կլինի արտաքին խաղացողների դիրքորոշումից». «Կոմերսանտ»-ի անդրադարձը ԼՂ հակամարտության սրմանը

Ռուսական «Կոմերսանտ» հրատարակությունը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում զարգացող իրավիճակի մասին՝ ներկայացնելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումները հակամարտության լուծման եղանակների մասին, ինչպես նաև աշխարհաքաղաքական ակնարկ կատարել:

Հրատարակության համաձայն՝ նախօրեին վերսկսված պատերազմը երկու երկրի միջև արդեն երկար ժամանակ հասունացել էր:

Նշվում է, որ «Կոմերսանտ»-ի զրուցակիցները ՌԴ պետական կառույցներում ղարաբաղյան հակամարտության լուրջ սրման մասին մոտ մեկուկես շաբաթ առաջ զգուշացումներ կատարել էին: Հրատարակության աղբյուրները հակամարտության հասունացման փաստերից են ներկայացրել հուլիսյան բախումներից հետո Ադրբեջանում ազգայնական տրամադրությունները, ինչպես նաև իրավիճակի վատթարացման առումով «կրակի վրա յուղ լցրած» Թուրքիան, որը վերջին ամիսների ընթացքում ծայրաստիճան անխոհեմ հայտարարություններ էր անում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի:

Այս պայմաններում հակամարտության գոտում հետագա իրավիճակը կախված կլինի արտաքին խաղացողների դիրքորոշումից, որոնք կարող են ինչպես ազդել իրավիճակի սրման վրա, այնպես էլ հանդես գալ միջազգային «հրշեջ ծառայության» դերում:

Կիրակի օրը հայկական կողմի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ իրավիճակի հետագա սրացումն ու հակամարտության մեջ տարածաշրջանային ուժերի ներգրավումն անթույլատրելի է:

Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ անհանգստությունը հայտնելով հակամարտության գոտում վերջին սրման կապակցությամբ: Ռուսական կողմը ընդգծել է վաղ հրադադարի ռեժիմի անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս