«Մենք տարբեր «զենքեր» ունենք, և չպետք է դրանք միանգամից կրակել. դրանք գործի կդրվեն՝ ըստ անհրաժեշտության». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝  ՀՀ դիվանագիտական զինանոցում կա Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու և Արցախի անկախությունը ճանաչելու հարցը։

«Այն, որ այս թեման հրապարակային քննարկման առարկա է դարձել, կարծում եմ՝ շատ կարևոր է և մեծ նշանակություն ունի։ Այս մասով ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ միջազգային արձագանքներին, մենք տարբեր «զենքեր» ունենք, և չպետք է դրանք միանգամից կրակել. դրանք գործի կդրվեն՝ ըստ անհրաժեշտության։ Որպես զենք՝ այս պահին կիրառվում է ԱԺ երեք խմբակցությունների կողմից հրապարակվող հայտարարությունը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ, կրկնում եմ, եթե կարիք լինի, այլ զենքեր կկիրառենք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա, ընդդիմությունը կարող է ավելի սուր պահանջներ դնել, իսկ իշխանությունն այդ պահանջները պետք է քննարկի։

Թե ի՞նչ հետևանքներ կունենա, երբ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ միշտ մտածել են հետևանքների մասին, որ պատերազմ չլինի։

«Հիմա մենք մեծ պատերազմի մեջ ենք և, մեծ հաշվով, էլ կորցնելու բան չունենք։ Կարծում եմ՝ այս առումով մենք մեր անելիքն արդեն արել ենք, տեքստերը հղված են և հասել են համապատասխան կառույցներին, եթե ավելին պետք լինի, ավելին կանենք»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Նա վստահեցրեց, որ միջազգային համապատասխան մարմիններին ուղարկած իրենց նամակները տեղ հասնում են, ինչպես տեղ էին հասել հուլիսին տավուշյան դեպքերի ժամանակ, մասնավորապես՝ կապված ատոմակայանը պայթեցնելու՝ Ադրբեջանի հայտարարության հետ։

«Երեկ ես իմ ելույթի ժամանակ ուրիշ բան եմ ասել՝ սա ուրիշ աշխարհ է, այս աշխարհն այն մարդու իրավունքների աշխարհը չէ, սա ուժեղների աշխարհ է։ Հիմա պետք է մեր իրավունքները պաշտպանենք, ինչն անում ենք։ Միևնույն ժամանակ՝ ես չեմ ուզում թերագնահատել այդ նամակների դերը, դա միջազգային սոուս է ստեղծում մեզ համար։ Նախ, հաստատված փաստ է, որ Ադրբեջանն է հարձակվել մեզ վրա, սա միջազգային դիվանագիտական աշխատանքի արդյունք է, արձանագրված է, որ Ադրբեջանն է եղել նախահարձակ, նա է դիմել ագրեսիայի»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս