Սարսափած եմ այս կռվում Թուրքիայի պատեհապաշտ ներգրավվածությունից. ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատիկ Բերգը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ հարձակումը, շեշտում՝ միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ պարտադրելու ադրբեջանական կողմի հետքաշումը: Եվրախորհրդարանի պատգամավորը համոզմունք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Ես լիովին դատապարտում եմ հանգստյան օրերին Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հարձակումները: Սարսափած եմ նաև այս կռվում Թուրքիայի պատեհապաշտ ներգրավվածությունից՝ հատկապես հաշվի առնելով հայերի նկատմամբ Թուրքիայի ցեղասպանության պատմությունը»,-ասաց պատգամավորը:
Նա նկատեց, որ Ադրբեջանը համաձայնել է ԵԱՀԿ շրջանակում քաղաքական գործընթացին, նշեց՝ պարզվում է, սակայն, որ միայն Հայաստանն է կատարում իր ստանձնած պարտավորությունները: «Միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ պարտադրելու Ադրբեջանի հետքաշումը և վերադառնալու միջազգային համաձայնեցված բանակցություններին»,-ասաց Լարս Պատիկ Բերգը: