«Արյան խնդիրը մենք կկարողանանք լուծել պատվով: Մենք պիտի հաղթենք». Արյունաբանական կենտրոնի տնօրեն

Առողջապահության նախարարության՝ ժամեր առաջ հնչած արյունատվության կոչին արձագանքած քաղաքացիների թիվը «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում դժվարանում են հստակ ասել: Պատճառը կենտրոնի բակում քաղաքացի-դոնորների՝ չապակասող հոսքն է:

«Պիտի հավաստիացնեմ, որ մենք արյան պաշարները մշտական պահեստավորելու կարիք ունենք, այսօրվա օրը՝ առավել ևս, և կոչ արեցինք ազգաբնակչությանը և նրանք մոտեցան հոժարակամ ու սիրով՝ հանձնելու իրենց արյունը: Եվ կարծում եմ, որ արյան խնդիրը մենք կկարողանանք լուծել պատվով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» տնօրեն Սամվել Դանիելյանը:

Չնայած կիրակի է, աշխատանքային օրվա ավարտի մասին խոսելն էլ՝ անօգուտ, Սամվել Դանիելյանը վստահեցրեց, որ պատրաստ են դոնորներին անընդհատ սպասարկել:

«Ինչքան դոնոր կա պոտենցիալ, պատրաստ ենք ընդունելու և մշակելու այդ արյունը, որպեսզի մենք ունենանք բավարար քանակությամբ պահանջված արյուն»,- ասաց կենտրոնի ղեկավարը:

Հարցին, թե արդյո՞ք Արցախից արյան պահանջով դիմել են կենտրոնին, Սամվել Դանիելյանը պատասխանեց.

«Մենք պարտավոր ենք ապահովելու Հայաստանի և Արցախի արյան բոլոր պահանջները, ուստի առանձին դիմելու մենք չենք սպասում, մենք ապահովում ենք, բավարարում ենք քանակությունը, որպեսզի որևէ խնդիր արյան պատճառով չծագի»:

«Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» ղեկավարի խոսքով՝ չկան արյան խմբեր, որոնց կարիքն ավելի շատ է զգացվում:

«Ինչքան արյան խումբը հաճախակի է, այնքան պահանջարկը հաճախակի է, որովհետև զինվորը նույն երկրորդ դրականն է, ինչ դոնորը,- ասաց Ս. Դանիելյանը՝ հավելելով,– Մենք պիտի հաղթենք, մենք պիտի հաղթենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս