«Այս պահին մարտական ծանր գործողություններ են ընթանում». Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ հատուկ նիստում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ Ադրբեջանը առավոտյան ժամը 07։10-ից սկսել է ռազմական գործողությունները սահմանի ողջ երկայնքով և այս ամենը առավոտից ներկայացնում է իր տեսանկյունից։

«Այժմ ԱԺ հատուկ նիստը նայում են շատերը և սա լավագույն պահն է, որպեսզի մենք կարողանանք մեր գիտության համար այստեղ գույքագրել, թե ինչպիսի կորուստներ է ունեցել հակառակորդը, ինչպիսի կորուստներ ենք ունեցել մենք և ինչպես ենք շարժվելու առաջ։ Խնդրեմ նաև ասեք, թե ռազմական դրություն հայտարարելուց հետո հետագա սահմանափակումների իրավական ռեժիմը, որպեսզի քաղաքացիները ևս իմանան, թե ինչ է ակնկալում»,-հետաքրքրվեց Անի Սամսոնյանը։

Պատասխանելով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռազմական դրություն հայտարարելու հետ կապված ինչ գրված է փաստաթղում, այս պահին դրանից ավելի բան չկա։

«Արդեն զորահավաքը սկսվել է, չնայած մասսայական զորահավաք է հայտարարված, բայց կատարվում է մասնակի զորահավաք։ Ինչ վերաբերում է կորուստներին՝ մենք էլ ունենք կորուստներ, էական կորուստներ, հակառակորդը նույնպես։ Այս պահին մարտական ծանր գործողություններ են ընթանում, քանի որ իրավիճակը զարգացող իրավիճակ է, հետևաբար որևէ հայտարարություն, կանխատեսում կարող է ճիշտ դուրս չգալ։ Այնպես, որ իմ կոչն է հետևել ՝Զինված ուժերի, Հայկական տեղեկատվական միասնական հարթակի տեղեկատվությանը և ըստ այդմ առաջնորդվել»,-ասաց վարչապետը։

Արձագանքելով, Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե կա՞ տեղեկատվություն, թե հայկական կողմը այլ ճակատներից հարձակումների սպասո՞ւմ է, թե՞ ոչ և արդյո՞ք դրան նախապատրաստվել են։

Վարչապետի խոսքով՝ ռազմական դրությունը հայտարարվում է  այն պայմաններում, երբ օրենքն է ասում և Սահամանդրությունը։

«Մենք գնահատում ենք, որ վտանգ կա, բայց եթե ես հիմա ասեմ, թե ինչ ուղղությունների մասին կարող է լինել խոսքը՝ նշանակում է  բացահայտել այն հետախուզական տեղեկատվությունը, որին տիրապետում ենք և դրանով արժեզրկեմ։ Թույլ տվեք այդ հարցին չանդրադառնալ»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս