Բաժիններ՝

Եգիպտոս մեկնելու համար «Օնիքսում» ընկերությունը 490 դոլար է վերցրել քաղաքացուց և չի վերադարձրել

Դեռևս փետրվարի 11-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք, ինչի առիթով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել:

Սակայն ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ չէր նշել, թե խոսքը որ կազմակերպության մասին է: «Հետք» կայքը դատախազության հանրային կապերի բաժնից ճշտել էր, որ խոսքն «Օնիքսում» ընկերության մասին է, որը զբաղվում է ցանցային մարքետինգով: Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է 2019թ. մայիսի 27-ին՝ որպես «Օնիքսում ԱՐ ԷՅ» ՍՊԸ: Գրանցման հասցեն Երևանի Երզնկյան փողոցում է: 1000 դրամ կանոնադրական կապիտալով ընկերության 1 %-ի բաժնետերն է կանադաբնակ իրանցի Մոհամադ-Ֆարիդ Զաեմզադեհը (Mohamad Farid Zaem Zadeh), իսկ 99 %-ը պատկանում է Կանադայի Մոնրեալ քաղաքում գրանցված «11007823 ԿԱՆԱԴԱ ԻՆԿ.» ընկերությանը, որի տնօրեններից մեկը Զաեմզադեհն է, իսկ մյուսը` Յասաման Խալիլի Սամանին (Yasaman Khalili Samani): «Օնիքսում ԱՐ ԷՅ» ՍՊԸ-ի տնօրենը նույնպես Մոհամադ-Ֆարիդ Զաեմզադեհն է:

Փաստաբան Ծովինար Բալայանի հաղորդմամբ՝ կան տեղեկություններ, որ այս ընկերությունը՝ ի դեմս իր «աշխատակիցների», գումարներ է հավաքագրել բազմաթիվ քաղաքացիներից՝ հանգստի անվան տակ հյուրանոցներ ամրագրելու նպատակով, սակայն մի շարք դեպքերում, փաստացի, առանց որևէ ծառայություն մատուցելու, անհիմն կերպով պահել է այդ գումարները՝ հրաժարվելով  վերադարձնել։

«Այդ ընկերության մեջ ներգրավված անձինք, այսպես կոչված՝ «աշխատակիցները» սկսում են հիմնականում իրենց ծանոթների, բարեկամների կամ ընկերների շրջապատում քարոզել, համոզել, շահագրգռել՝ մտնելու ընկերություն, և երբ անձի մոտ հետաքրքրություն է առաջանում՝ հայտնում են գրասենյակի տեղը:

Ընդ որում, ինչպես հասկացել եմ, գրասենյակները պարբերաբար փոխվում են, նույնիսկ կոնկրետ հասցեն անհայտ է, Կանադայի ինչ-որ հասցե են նշում: Գրասենյակ այցելելուց հետո անձին ցուցադրում են իրենց մեքենաները, գրասենյակները, ասում՝ տեսեք, թե  զրոյից ինչերի ենք հասել, այ, դուք էլ որ գաք, կարող եք այսպիսի փողեր աշխատել: Հիմնականում դա տեղի է ունենում անապահով, մեծ գումարներ աշխատել ցանկացող, երիտասարդ և անփորձ անձանց շրջանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ՝ որպեսզի անձին ներգրավեն՝ ինչ-որ հյուրանոցում հանգստանալու համար փաթեթ պետք է գնի, օրինակ՝ Եգիպտոս, Հայաստան, Ղազախստան և այլն:

«Նայած, թե որ երկիր է գնալու անձը, փաթեթի արժեքն ըստ այդ որոշվում է: Որպես տուժած անձի ներկայացուցիչ՝ ասեմ, որ մեր դեպքում այն արժեցել է 490 դոլար: Գումարը վճարվել է գրասենյակում, որը Պարոնյան փողոցում է եղել: Իրենց հիմնական փաստարկն այն է, որ այստեղ ֆինանսական բուրգ չկա: Դա մեկնաբանման ենթակա հարց է, և միգուցե այստեղ այդ բուրգի տարրերը պահպանված չեն, որպեսզի ամբողջ գործողությունների շղթան համարվի ֆինանսական բուրգ, սակայն պետք է նայել նպատակին. դա ոչ թե հյուրանոցային բիզնեսով զբաղվելն է, դրանք գովազդելը, այլ հյուրանոցը պարզապես խայծ է, որպեսզի անձը տեսնի, որ իր տված գումարի դիմաց ինչ-որ բան ստանում է: Եթե ծառայության մատուցումը չլիներ՝ միանշանակ այս ընկերությունը կհամարվեր ֆինանսական բուրգ, բայց իր տեսակով հենց դա էլ հիշեցնում է»,- նշեց  Ծովինար Բալայանը՝ շեշտելով, որ կազմակերպության նպատակը ոչ թե անձանց հանգիստը կազմակերպելն է, այլ առաջին և գլխավոր նպատակը հնարավորիս շատ անձանց ներգրավելն է:

«Մեր դեպքում, ինձ դիմած անձը ոչինչ չի ստացել: Նա պետք է մեկներ Եգիպտոս, որի համար վճարել է 490 դոլար: Ունեցել է մեկ տարի ժամկետ: Պայմանավորված կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակով՝ փակ էին սահմանները, անձը չի կարողացել գնալ և խնդրել է գումարը հետ վերադարձնել, սակայն ընկերությունը մերժել է: Ստացվում է՝ անհիմն 490 դոլար է վերցրել ընկերությունը և չի վերադարձրել: Մեր խնդիրը գումար տված և դրա դիմաց ոչինչ չստացած անձանց բացահայտումն է: Ի դեպ, եղել է նաև այլ պայման՝ ներգրավել ևս 2 անձի, որպեսզի կարողանան գումար վաստակել: Անձի գումարը հետ չվերադարձնելու փաստի առթիվ մենք հաղորդում ենք ուղարկել ՀՀ ոստիկանություն, դատախազություն և պատասխան ենք ստացել, որ արդեն իսկ առկա է  քրեական գործ, որը քննվում է, ու այն վերաբերում է ընկերության աշխատակիցների կողմից խարդախություն կատարելու դեպքերին»,- մանրամասնեց փաստաբանը:

Հարցին՝ վճարումը հավաստող փաստաթուղթ, ընկերության հետ էլեկտրոնային գրագրություն կա՞, Ծովինար Բալայանը պատասխանեց.

«Երբ անձը ներգրավվել է, այդ ժամանակ որևէ գրագրություն չի եղել, բանավոր համոզել են: Իսկ, երբ անձը գումարը վճարել է, տվել են վաուչեր, որը վերաբերել է Եգիպտոսում հանգստանալուն: Դրանից հետո, երբ անձը չի կարողացել գնալ հանգստանալու և դիմել է ընկերությանը, որպեսզի գումարները հետ վերադարձնեն, այդ ժամանակ ընկերությունը մերժել է, և այդ ամենը տեղի է ունեցել գրագրության միջոցով: Իրենց էլեկտրոնային փոստի հասցեով է գրվել, պատասխանել են, ապա ֆեյսբուքյան էջին եմ գրել, թե՝ այսպիսի իրավիճակ է, գումարը կարո՞ղ ենք հետ ստանալ, պատասխանել են՝ ոչ»:

Հ.Գ Ընկերության հետ կապ հաստատվել չստացվեց, սակայն պատրաստ ենք ներկայացնել նաև նրանց արձագանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս