Տեսա՞ք, թե ինչ է բանակցել, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյանը՝ Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունների և կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսքի մասին
Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, ո՞նց եք, լա՞վ եք: Հիշու՞մ եք, որ ձեր շեֆը ԱԺ ամբիոնից գաղութի բարքերով դեմքը ծամածռած հայտարարում էր՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Այս մասին գրառում է կատարել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
Նա մասնավորապես նշել է․ «Տեսա՞ք, թե ինչ է բանակցել, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքի հետևում ինչ դավաճանության է գնացել: Գիտեք չէ՞՝ հանուն ինչի. հանուն ազգի և պետության շահերը թշնամու ոտքերի տակ դնելու դիմաց 15 մեքենայից բաղկացած ավտոշարասյունով պտտվելու, «դաչեքում» օլիգարխի նման ապրելու, պետական ինքնաթիռը և ուղղաթիռը անձնական հեծանիվի տեղ օգտագործելու, հանուն «Վորոնեժի», հանուն ոչ մի բանի մասին ազգուտակին (աներձագից մինչև ախպոր տղա) պատգամավոր կարգելու և դրանց պարգևավճարներ բաժանելու։
Իսկ հասկանու՞մ եք, որ այս դավաճանության պատասխանատվությունը նաև ձեր վրա է, ու եթե իրենց «ընտանիքապետության» հետևից ինքնաթիռ է գալու, ապա ձեր հետևից ուրիշ բան է գալու: Սյունեցի պատգամավորներ ունեք ձեր շարքերում, հարցրեք նրանց, թե մինչև հիմա սյունեցիներն ինչպես են վարվում մելիք Ֆրանգյուլի «հիշատակի» հետ»:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Ալիևի և Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում են բանագնացների միջոցով։ Հայկական կողմից, ըստ տեղեկությունների, բանակցություններին մասնակցել էր վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։ Վերջինս, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը։
Հիշեցնենք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին և ասել․ «Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»: