ՌԴ-ում Իրանի դեսպանը կոչ է արել Թրամփին՝ ներողություն խնդրել ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ներողություն խնդրի Թեհրանից իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Վաշինգտոնի դուրս գալու համար եւ Իրանին փոխհատուցի տնտեսական ու քաղաքական կորուստները: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությունում անցկացված մամուլի ասուլիսում:
«Ավելին, նա (Թրամփը) պետք է ներողություն խնդրի այն բանի համար, որ ԱՄՆ-ը դուրս է եկել ԳՀՀԾ-ից, եւ նա պետք է փոխհատուցի մեր տնտեսական ու քաղաքական կորուստները»,-ասել է Ջալալին:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության էին հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: