Կյանքում անչափ կարևոր է չափի և իրականության զգացումը…
Ողջախոհությունը քրիստոնեական յոթ առաքինություններից մեկն է, որ բնորոշում է մարդկային առողջ միտքը և առողջ հայացքը կյանքին: Կյանքում անչափ կարևոր է չափի և իրականության զգացումը, ինչը կապ ունի իմաստության և հոգևոր հասունության հետ:
Հոգու մաքրությունը, իր հերթին, անմիջականորեն կապված է մտքի մաքրության հետ: Երբ մարդու միտքը պիղծ է, նրա հոգևոր կյանքն էլ մաքուր չէ:
Ինչպես գիտենք, ամեն ինչ սկսվում է մտքից, քանի որ Քրիստոս Ավետարանում մեզ ասում է, որ եթե նույնիսկ շնության մասին մտածես, դա էլ է մեղք: Քրիստոս սովորեցնում է մի պարզ ճշմարտություն, որ ցանկացած մեղքի արմատ մեր մտքերում է: Հետևաբար՝ ամբողջ խնդիրն այն է, թե մենք ինչ ուղղությամբ ենք ուղղորդում մեր միտքը։ Այո՛, մենք կարող ենք կառավարել մեր միտքը, և քրիստոնեությունը մեզ ավելի սրա՛ն է առաջնորդում: Եթե մեր մեջ ծնվում են վատ մտքեր, մենք ունենք երկու ճանապարհ`կա՛մ աղոթել, կա՛մ ավելի բարի, դրական և աստվածահաճո բաների մասին մտածել, այլ կերպ ասած`չար մտքերը փոխարինել բարի մտքերով:
Քրիստոնեական այս առաքինությունը անմիջականորեն կապված է նաև մեծ քաջության ու կամքի ուժի հետ, որովհետև ողջախոհ լինել նշանակում է առողջ որոշումներ կայացնել, ապրել քրիստոնավայել կյանքով և հաղթահարել մեղքի գայթակղությունը. այս ամենի համար մարդուն պետք մեծ պատասխանատվություն:
Ողջախոհությունը նաև մարդկային անսասան հավատի վկայությունն է, քանզի նա ով իրապես հավատում է Աստծուն, նա պետք չունի անօրինություններ գործել, այլ կարիք ունի անկեղծ հավատքի և հույսի, որ խոստանում է աստվածային արդարության հաստատումն ու իր փրկությունը:
Ողջախոհությունը մարդկային տեսակ է ու ապրելակերպ, որը, սակայն, ձևավորվում և ամրանում է աստավածային շնորհներով: Ամենակարևորը մարդկային անկեղծ ցանկությունն է նմանվել Աստծուն և շտկել մեղքերը, ինչն էլ հանդիսանում է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի ամենամեծ առաքելությունը: