«Պատրաստել եմ հարցեր ՍԴ նախագահի թեկնածուին, ելույթ, հետո իմ ընտրությունը կկատարեմ». Արևիկ Պետրոսյան
Արդեն երրորդ օրն է՝ ընթանում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով ՍԴ աշխատակարգային նիստը: Այսօր միայն հայտնի է, որ կա ինքնաառաջադրված մեկ թեկնածու՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, որը երեկ հասցրել է բարձր դատավորներին ներկայացնել իր ծրագրային ելույթը, պատասխանել որոշ հարցերի:
Ժամը 10։30-ից մեկնարկող աշխատակարգային նիստում նախագահի թեկնածուին առաջինը հարցեր տալու հնարավորությունը ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանինն է:
«Ես քննարկումներին, անշուշտ, մասնակցում եմ և պատրաստել եմ արդեն հարցեր (այսօր հարցերը, ըստ էության, կսկսվեն իմ հարցերից), հարցեր են տրվելու թեկնածուին, կլսեմ պատասխաններ, ելույթ եմ ունենալու, կլսեմ նաև իր եզրափակիչ ելույթը, ամփոփումներ կկատարեմ ես իմ մեջ և իմ ընտրությունը կիրականացնեմ»,- առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց Արևիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ իր հարցադրումների մի մասը կապված են լինելու սահմանադրաիրավական փոփոխություններին, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի լուծումներին, որպես ՍԴ նախագահ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու Խունդկարյանի տեսլականին:
Պատասխանելվ հարցին, թե արդյո՞ք վերջին նշանակումներից հետո բազմաբևեռ ՍԴ է ստացվել, որ հարցերի քննարկումը բավական երկար է տևում, Պետրոսյանն ասաց, թե չի կարող նման որակումներ տալ, որովհետև յուրաքանչյուր դատավոր պետք է ունենա իր ներքին համոզմունքը, դիրքորոշումները, որոշումներն էլ պետք է կայացնի իր դիրքորոշումների շրջանակներում:
«Սա քաղաքական մարմին չէ, որ մենք մտածենք՝ այստեղ բազմաբևեռություն կա, բազմաբևեռություն չկա, պետք է լինի կամ չպետք է լինի: Պետք է բացառվեն այդպիսի երևույթները, դա միանշանակ, որովհետև դա հակասահմանադրական, հակաօրինական վիճակ կհանդիսանա: Էլի եմ կրկնում՝ քաղաքական ցանկացած մարմնում կարող են լինել տարբեր ուժեր, տարբեր մոտեցումներ, տարբեր քաղաքական հոսանքներ, կա անհրաժեշտությունը: Բայց Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին չէ: Դա անթույլատրելի է ուղղակի»,- ասաց Արևիկ Պետրոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: