«Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն». Աննա Նաղդալյան

Սեպտեմբերի 23-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովն ընդունել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի գլխավորած պատվիրակությանը, որը Ռուսաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։

Հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «կողմերի ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանային անվտանգության թեման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վիճակը և հեռանկարները»:

Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով  Միլի Մեջլիսի պաշտոնական հաղորդագրությանը, գրում են, թե իբր հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»։ Բացի այս, ըստ ադրբեջանական քարոզչական լրատվականների, Լավրովը նշել է, որ «Մոսկվան կողմ է 5 «օկուպացված» շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտային-հաղորդակցային համակարգերի վերականգնմանը»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»:

Տեսանյութեր

Լրահոս