Բաժիններ՝

Շորթում և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի նկատմամբ կողոպուտ և շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

2020թ. մարտի 20-ին Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է համաքաղաքացի 28-ամյա տղամարդու հետ:

Քննությամբ պարզվել է, որ մտերիմ հարաբերություններ հաստատելուց հետո, 2020թ. մարտի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 30-ամյա կինը տղամարդուն հանդիպման է հրավիրել վարձակալած բնակարան, որտեղ, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրմամբ, դանակն օդում թափահարելով խուճապ ու վախի զգացում առաջացնելով, ինչպես նաև արատավորող տեղեկություններ և տեսագրություն հրապարակելու սպառնալիքով, 28-ամյա տղամարդուց պահանջել են մաս-մաս իրենց վճարել խոշոր չափերով՝ ընդհանուր 1.257.000 ՀՀ դրամ գումար, իսկ որպես երաշխիք՝ վերցրել նրա նույնականացման քարտը և ծառայողական վկայականը՝ այդ կերպ կատարելով շորթում:

Բացի այդ, պարզվել է նաև, որ, նախնական համաձայնությամբ, գիտակցելով և լրացնելով միմյանց գործողությունները, Վանաձորի բնակչուհին և ինքնությունը չպարզված անձը բացահայտ հափշտակել են տուժողի մոտ առկա կանխիկ գումարը:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3.1-րդ կետերով և 176-րդ հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քննությամբ ինքնությունը չպարզված անձի վերաբերյալ մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս