«Այդ երեք ուժերը չեն կարող Հայաստանում լայն աջակցություն մոբիլիզացնել. պատճառները կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում». Ռուբեն Ռուբինյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ մեծ հաշվով, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության համատեղ հանրահավաքի հետ կապված որևէ գնահատական չունի:
«Ուզում են հանրահավաք անեն, թող անեն, չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել երկու պատճառով: Նախ, չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակի առաջացրած, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա: Երկրորդը՝ չեմ կարծում, որ նույնիսկ, եթե նման դժգոհություն լիներ, այդ ուժերն էին, որ որևէ մեկին մոբիլիզացնեին: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այդ երեք ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության հանրահավաքը կայանալու է հոկտեմբերի 8-ին, որի վերաբերյալ երեք ուժերն արդեն հայտարարություն են տարածել:
Ռուբինյանը նաև ընդգծեց, որ «Հայրենիք» կուսակցության ամբողջ պատմությունը խարսխված է մեկ դրվագի վրա՝ կար ԱԱԾ տնօրեն, որը հեռացվեց աշխատանքից. «Հետագայում նա նեղսրտած ստեղծեց կուսակցություն և սկսեց խոսել այս կամ այն ուժերի հետ համագործակցության մասին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում