Քաշքշել են ԲՀԿ-ի պատճառով

168.am-ի տեղեկություններով, վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նույն խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հարաբերությունները: Նրանց տարաձայնությունները գաղափարական և քաղաքական դրդապատճառներ ունեն և պայմանավորված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներով:

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ՀԱԿ-ը չպետք է ԲՀԿ-ին տարանջատի իշխանություններից և պետք է բացառի որևէ համագործակցություն այդ կուսակցության հետ: Մինչդեռ Լևոն Զուրաբյանը նույնքան հետևողականորեն շարունակում է չբացառել ԲՀԿ-ի հետ համագործակցության, այդ թվում` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը:

Կոնգրեսին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցի շուրջ Փաշինյանի և Զուրաբյանի միջև հակասություններն այնքան են խորացել, որ վերաճել են թշնամանքի. մասնավորապես, ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Նույն նիստում Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ քաղխորհրդի անդամներին հասկացրել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի նախագահական ընտրություններում, ապա ինքը կառաջադրի իր թեկնածությունը` այդպիսով ՀԱԿ-ին զրկելով ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ասուլիսում Լևոն Զուրաբյանը չէր հերքել, որ ինքը հակասություններ է ունեցել ՀԱԿ-ի բազմաթիվ անդամների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հետ: «Կենտրոնական շտաբի անդամ ենք մենք բոլորս` ես էլ, Փաշինյանն էլ, Ավետիս Ավագյանն էլ, Գագիկ Ջհանգիրյանն էլ, և այլն, և ես չգիտեմ մեր շտաբից երկու անդամ, որոնք 5 տարվա մեջ հակասություն չեն ունեցել այս կամ այն հարցում»,- պատասխանելով իր և Նիկոլ Փաշինյանի միջև հակասությունների մասին հարցին, ասել է Լևոն Զուրաբյանը: Այսինքն` չի հերքել այդ տեղեկությունները: Այնպես, ինչպես չի բացառել, որ ՀԱԿ-ն ընտրություններում կարող է սատարել ԲՀԿ-ի թեկնածուին:

Առավել մանրամասն` «168. Ժամ»-ի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս