«Ես երբևէ չեմ ցանկացել որևէ ձևով խաղալիք դառնալ». Արամ Կարապետյան

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը 168.am-ին տված հարցազրույցում համոզմունք էր հայտնել էր, թե Հայաստանում նախագահ դառնալու է նա, ում «կնշանակեն» Ռուսաստանն ու Արևմուտքը:

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից 168.am-ը հետաքրքրվեց` Դուք հայտնի եք որպես ռուսամետ քաղաքական գործիչ, առաջիկա ընտրություններին ստանալո՞ւ եք Ռուսաստանի աջակցությունը, հնարավո՞ր է Դո՞ւք լինեք Ռուսաստանի ցանկալի թեկնածուն Հայաստանում:

Ի պատասխան, Արամ Կարապետյանն ասաց. «Ցավոք, Արմեն Բադալյանը որոշ մասով ճիշտ է ասում: Շատ կարճ բան ասեմ. բոլորս գնահատում ենք Պապ թագավորին, բայց մոռանում ենք, թե նա ինչպե՞ս բերվեց թագավորության` հռոմեական կայսրության միջոցների օգտագործմամբ: Իսկ արդյո՞ք եղել են այնպիսի դեպքեր, երբ դրսի ուժերի ցանկությունները չեն իրագործվել: Սա չի նշանակում, որ անպայմանորեն պետք է հարմարվել այս կամ այն ուժի թեկնածուն: 1917թ. Լենինը ճիշտ գտավ` համագործակցել թշնամող երկրի`  Գերմանիայի գլխավոր շտաբի ղեկավար Լյունդենդոլֆի հետ, գումար վերցրեց և հեղափոխոթյուն արեց, իսկ հետո վերադարձրեց այն, ինչ վերցրել էր: Հայաստանը չունի այդպիսի ռեսուրս: Արմեն Բադալյանի ասածը ճիշտ է, եթե Հայաստանն այնպիսի երկիր լիներ, որ ունենար այդ ռեսուրսը: Բադալյանն էլ շատ լավ գիտի` մինչև հիմա նշանակողները դրսի չեն եղե՞լ:

Այսօր արտաքին ուժերի մոտ արդյոք կա՞ նմանատիպ նպատակ` ոչ թե փոխհամագործակցված գործելու, այլ այդպիսի հակադրումների մեջ նշանակելու: Ես ավելի շատ խորհուրդ կտայի, քանի որ խելացի մարդ է և խելացի հարցազրույց է, մտածել, որ մի՞գուցե այդ արտաքին ուժերի ցանկությունը Հայաստանում այլ բան է, այդ թվում նաև արտաքին ուժեր ասելով` նկատի չունեմ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և այլն»:

Կարդացեք նաև

Ըստ Ա. Կարապետյանի` այսօր քաղաքականությունները վարվում են ոչ թե երկրներով, այլ երկրների ներսում իրարամերժ կարծիքներ ունեցող խմբավորումներով: Այդ խմբավորումներն, Ա. Կարապետյանի խոսքով` իրենց բնույթով ինտերնացիոնալ են, որոնք առկա են աշխարհի տարբեր երկրներում: «Իմ պարագայում` չնայած ես ունեմ այդ հնարավորությունը Ռուսաստանում ներկայանալի լինելու, իմ կարծիքը հայտնելու, շատ լսելի լինելու և այլն, կփորձեմ նմանատիպ իրավիճակներից դուրս դնել ինձ»,- իր` Ռուսաստանի նախընտրելի հնրավոր թեկնածու լինելու մասին ասաց Ա. Կարապետյանը:

Դիտարկմանը, թե` Ռուսաստանի աջակցությունից դո՞ւրս եք դիտարկում Ձեզ, ՆԺԿ նախագահը պատասխանեց. «Ոչ թե Ռուսաստանի աջակցությունից, այլ խմբավորումների պայքարից, քանի որ խմբավորումների պայքարի մեջ Հայաստանի շահը չի երևում, իսկ ռուսական պետականության կրող որոշակի խմբավորումների շահը երևում է: Եվ ես հարց եմ տալիս` ինչո՞ւ է Հայաստանն այս վիճակի մեջ, և չի ուժեղացվել: Ստացվում է` խմբավորումները մարդկանց են փոխում, այլ ոչ թե իրավիճակը: Ես այն կրթությունն եմ ստացել, այն հնարավորությունն եմ ստացել, և երբևէ չեմ ցանկացել որևէ ձևով խաղալիք դառնալ, գործիք լինել ինչ-որ շահեր առաջ մղել: Նորից եմ կրկնում` ես չեմ խոսում ո’չ ԱՄՆ-ի, ո’չ ՌԴ-ի, ո’չ եվրոպական պետական շահերի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս