Նաիրա Զոհրաբյանի ելույթն ԱԺ էր բերել նրա ցուցադրած նկարում հայտնված երեխայի ծնողներին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ կրթության ոլորտում տեղի են ունենում կեղծիքներ, որոնք երբեմն անցնում են բարոյականության բոլոր սահմանները:

Նա պատմեց, որ երեկ համացանցում ակտիվ տարածվում էր առաջին դասարան ճանապարհվող երեխաների լուսանկար, որը «կեղծիքի մեքենան» վերցրել է երեխայի ծնողների ֆեյսբուքյան անձնական էջից, ֆոտոշոփի միջոցով համադրել է սարսափ տարածող կադրերի հետ և տարածել:

Նշենք, որ երեխաներից մեկի ծնողներն այսօր եկել էին պատգամավորի մոտ՝ խորհրդարան:

«Այդ նկարը ֆոտոշոփ են արել ու ասում են, թե երեխաներին ստրկացնում են: Առանց մեր կարծիքը հարցնելու՝ այդ նկարը տարածել են, իրական պատկերը խեղաթյուրել են և տարածել: Այս դեպքը մեր վրա ազդել է, ինչպե՞ս կարող էին ամեն ինչ այդքան խեղաթյուրել ու ասել, թե ռազմագերի են երեխաները»,- ասաց երեխայի մայրը:

Ըստ ծնողի, գուցե դպրոցը լավագույն տարբերակն է գտել, որպեսզի պարանը ժապավենով կապի, և երեխաները կարողանան սոցիալական հեռավորություն պահպանել:

Նա նաև ընդգծեց, որ Նաիրա Զոհրաբյանը չպետք է այդ նկարը հասցներ Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից ցուցադրեց նկար և հայտարարեց, որ դպրոցներում երեխաներին դիմակ կրելու և ջերմաչափելու համար վերաբերվում են՝ որպես ռազմագերու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս