Բաժիններ՝

«Քանի որ մեր վարչապետն ասում է՝ ամեն ինչ ժողովուրդը պետք է որոշի, ուրեմն թող ժողովուրդն էլ խաղողի գինը որոշի». Խաղողագործները բացեցին մայրուղին՝ 4 օր ժամանակ տալով

Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները փակել են Երևան-Երասխ մայրուղին. պատճառը խաղողի մթերման ցածր գինն է:

«Անցած տարի խաղողն ընդունել են 150 դրամով, այս տարի եթե ինքնարժեքը 100 դրամ է, մթերման գինը՝ 130, ինչո՞վ գոյատևենք: Սա ի՞նչ գումար է: Երեխես ուսանող է, հիմա 60.000 դրամ փող չունեմ, որ տամ: Լիկվիդ են թողնում մինչև դեկտեմբերի 31-ը: Ասում են՝ մինչև փողը չմուծես, քննություն չես տա, սա ի՞նչ ձև ա, արա: Ի՞նչ անենք, թողնենք-արտագաղթենք: Ամբողջ հարազատներս ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ են, ես էլ կթողնեմ կգնամ, էս ի՞նչ ձև է:

Հասկացանք՝ տնտեսական ճգնաժամ է, թող 10-20 դրամ իջեցնի: Բայց միանգամից 50 դրամ իջեցնում է, դա խելամիտ չէ»,- դժգոհեցին բնակիչները:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց. «Ամբողջ աշխարհի հայությունը պահանջում է, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանությունը նաև այն է, որ ես հիմա իմ ընտանիքին չեմ կարողանում պահել: 72 տարեկան մարդ եմ, չոքեչոք խոտ եմ քաղում, մշակում, որ այսօրով իմ ընտանիքը պահեմ, սրանք ասում են՝ չէ, 120, 100 դրամ. որպես ի՞նչ: Ուզում ենք՝ վարչապետը գա, որ իր խոսքերին տեր կանգնի: Ասել է՝ առանց տոկոս 3 մլրդ դրամ եմ տալիս 2 տարով, գինու գործարանները գյուղացու խաղողն են ուզում: Փաշինյանը չի՞ կարող ձեռքը սեղանին խփի, ասի՝ այս գնով պետք ա լինի. գործարանի տերն ո՞վ է, որ խաղողի գին որոշի: Մի հատ հաշվարկեք, տեսեք՝ տակը ինչ է մնում, ես 2-3 տոննա խաղող ունեմ, ոչ մի բան էլ տակը չի մնում»,- ասաց խաղողագործներից մեկը:

Գյուղացիներն ասացին՝ ուզում են, որ վարչապետը գա, իր խոսքերին տեր կանգնի:

«Ասում էր՝ մինչև 3 միլիարդ գումար եմ տալիս առանց տոկոսի՝ 2-3 տարով: Թող կանչի գինու գործարանների տերերին, ասի՝ չեք ընդունում խաղողը, գործարանը փակեք, չեք աշխատելու: Ամեն ամիս նախարարներին, պատգամավորներին պարգևավճար է տալիս, դրանք ձրի կաշխատեն, քանի որ գրպաններն ամեն տեղից լցվում է: Բռնեցին խեղճ Սանասարյանին հանեցին, ինչի՞ համար. Փաշինյանի միակ թիմակիցն էր: 70-80 տոննա խաղող եմ քաղելու, տղերքին 100.000-ով փող եմ պարտք, ո՞նց եմ փակելու դա: Աշխատողներին, մարդ կա, 200.000 պարտք եմ մնացել, որ քաղեմ բերքը տամ, չհաշված բանկերի տոկոսները: Այգիներ, ֆերմա եմ հիմնադրել, պետք է աշխատեմ, որ տամ: Կաթի գինը դարձավ 150, խաղողինը՝ 100: Ի՞նչ անեն մարդիկ: Խոշորները 100-120 դրամով կաթ են մթերում: Հիմնական աշխատանք չկա, մարդը ձմռանը ո՞նց ապրի. փողը պետք է պահի, արջի նման քիչ-քիչ ուտի, մինչև գարունը գա: Երևանցին տեղյակ չէ, որ գյուղացին 100-150 դրամ է ծախում, հասնում է շուկա՝ դառնում է 450 դրամ: Չբողոքե՞նք: Ոչ մի բան կանոնակարգված չէ»,- դժգոհեց բնակիչներից մեկը:

Ոստիկանները հորդորեցին մեքենաները թողնել և գնալ գործարան: Բնակիչներն ասացին, որ կգնան, եթե պատասխան չտան նորմալ՝ կրկին կփակեն մայրուղին:

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը հանդիպման գնացին մեկ գործարանի ղեկավարի հետ, որից հետո նշեցին, որ պատասխանը բավարար չէր: «Ասել է՝ սեղանի սորտը կվերցնեն, կոնկրետ գին չեն ասել»:

Բնակիչները նշեցին, որ ակցիան կշարունակեն սեպտեմբերի 20-ին, եթե խնդրին լուծում չտրվի:

«Մեր երեխաներն ու կանայք են գալու հաջորդ անգամ: Սա ի՞նչ է, զինվոր պահել էլ չենք կարող: Քանի որ մեր վարչապետն ասում է՝ ամեն ինչ ժողովուրդը պետք է որոշի, ուրեմն թող ժողովուրդն էլ խաղողի գինը որոշի»,- վրդովված ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս