Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով քրեական գործ է հարուցվել առևանգության հոդվածով
Մոտ երկու շաբաթ առաջ «Ազատությանը» Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու՝ ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանն իսկապե՞ս մոլորվել է, թե՞ նրան առևանգել են։
Գլխավոր դատախազությունից 168.am-ին հայտնեցին, որ զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առևանգություն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։
Նշենք, որ օգոստոսի 25-ին Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը հայտարարություն էին տարածել, թե Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 5 հոդվածներով, այն է՝
– «ագրեսիվ պատերազմի վարում»,
– «լրտեսություն»,
– «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում»,
– «հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, պահպանում և փոխադրում»,
– «Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում»։