«Համ մաքսազերծումն են թանկացրել, համ էլ շատ բարդություններ են մտցրել». առևտրականները կրկին բողոքի ակցիա կիրականացնեն
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրած, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ հանդիպած տնտեսվարողների խումբը շտապել էր Արարատյան մաքսատուն՝ հաշվարկելու, թե նոր փոփոխված կարգով որքա՞ն պետք է վճարեն մաքսազերծման համար: Վարչապետի օգնականի հետ հանդիպումից հետո տնտեսվարողները հայտնեցին, որ իրենց փոխանցել են, որ մաքսազերծումն այլևս կիլոգրամով չի իրականացվելու, սակայն գները վերանայվել են, և դրանք մոտ են կիլոգրամով մաքսազերծման գներին:
168.am-ն Արարատյան մաքսատուն ուղևորված առևտրականներից հետաքրքրվեց, թե արդյոք հաշվարկներն արե՞լ են, ի՞նչ են արձանագրել.
«Կրկնակի թանկացում է, ոչ մեկը չի մաքսազերծել, ուղղակի տվել են հաշվարկի: Հիմա թողել-եկել են, որ բողոքի ակցիան էլի սկսենք: Կառավարությունից ասացին՝ գնացեք, տեսեք, որ նվազեցում է եղել, բայց կրկնակի թանկացում է: Ամեն մարդ առանձին իր թղթով գնացել էր, մի քանի հոգի, որ հասկանան՝ ի՞նչն է թանկացել, ի՞նչը՝ չէ, ու շատ բարդացված է: Օրինակ՝ կոշիկը պետք է քանդես, տանես անպայման պետը ստուգի, ու ես համոզված եմ, որ մաքսայինի պետը 100 տոկոսով ապրանքագետ չի, որ հասկանա այդ կոշիկից: Ստացվում է, որ համ թանկացրել են մաքսազերծումը, համ էլ շատ բարդություններ են մտցրել»,- ասաց տնտեսվարողը:
Քաղաքացու խոսքով՝ այս տարբերակով հնարավոր չէ աշխատել, եթե անգամ փորձեն ինչ-որ ձևով աշխատել, ապա այն երկար չի տևելու.
«Ուղղակի ճար չկա, ճանապարհներն էլ բաց չեն, որ լքեն Հայաստանը: Մենք կրկին հավաքվելու ենք և բողոքի ակցիա իրականացնենք»:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով՝ Հայաստանում այսուհետ հագուստը մաքսազերծվելու է ոչ թե՝ կիլոգրամով, այլ՝ քանակով: Եթե նախկինում, օրինակ, հարևան երկրից ներկրված հագուստի 1 կիլոգրամի համար էին վճարում, ապա այս տարվա սեպտեմբերի 1-ից պետք է վճարեն բոլոր կտորների համար առանձին:
Հագուստ ներկրող տնտեսվարողները նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց, ապա՝ ՊԵԿ-ի, այնուհետև՝ եղել Արարատյան մաքսատանը և հանդիպել ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հետ, սակայն դժգոհ լինելով հանդիպումներից՝ այսօր կրկին նույն պահանջներով հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանց հետ այսօր հանդիպեց վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը, և, ինչպես քաղաքացիները մեզ հայտնեցին, տեղեկացրել են, որ կարող են գնալ և իրենց ապրանքները նախկին գներով մաքսազերծել, եթե բարձրացում լինի, ապա չնչին, սակայն պարզվում է, որ կրկնակի թանկացել է: