Ո՞ւր են Փաշինյանի հեղափոխական խոստումները

Մի շարք թռիչքների չեղարկումներից և նոր չվացուցակների հաստատումից հետո մեծ սպասումով ժամանեցի իմ հայրենիք՝ Հայաստան: Ուղևորությունս սկսել էի ԱՄՆ-ից: Երևան ժամանեցի Փարիզից իրականացվող AF 1170 թռիչքով:

Ուղևորների և անձնակազմի հետ միասին ես էլ ցնցվեցի՝ մեր թռիչքի ավարտին ծխախոտի հոտ զգալով: Ուղևորներից մեկը, նկատելով իրավախախտ հային,  քաղաքավարի կերպով զգուշացրեց, որ նա պահպանի արգելքներն ու անվտանգության կանոնները, հարգի այլ ուղևորներին: Ի պատասխան այս նկատողությանը՝ իրավախախտը զայրույթով անհեթեթ խոսքեր հնչեցրեց, մասնավորապես, որ նա Ապարանից է, Հայաստանում կարող է անել այն, ինչ ուզում է անել, և ոչ ոք չի կարող իրեն ասել, թե ինչ անի: Օդանավի անձնակազմը պահանջեց, որ իրավախախտը  հանգստանա, քանի որ օդանավը վայրէջք էր կատարում: Նրան նաև տեղեկացրեցին, որ պատրաստվում են կանչել ոստիկանություն:

Ինքնաթիռը լքելիս նկատեցի, որ Հայաստանի ոստիկանության ներկայացուցիցչներն արդեն ժամանել են: Տուրիզմի զարգացման «դեմքն» արտահայտող օդանավակայանը գտնվում էր անմխիթար վիճակում: Ի համեմատություն Հայաստան կատարած իմ նախորդ տարիների այցելությունների՝ օդանավակայանի պայմանները կտրուկ վատթարացել էին: Լույսերն անջատված էին, զուգարանները կեղտոտ՝ չնայած ուժեղացված սանիտարական պահանջներին: Covid-ի կանխարգելման «գովազդված» միջոցառումները պարզապես չէին իրականացվում: Թեստերի հանձնման հնարավորություն օդանավակայում չկար: Չկային նաև այն ուրախ դեմքերը, որ մեզ ողջունում էին Հայաստանում նախորդ այցելությունների ժամանակ:

​Հերթում սպասելիս ցավով նկատեցի կանոնների մակերեսային պահպանումը: Սոցիալական հեռավորության համար թեև գծանշումներ կային, սակայն մարդիկ դրանք անտեսում էին: Պատասխանատու ծառայողները նույնպես չէին մտածում կանոնների պահպանումը հսկելու մասին: Նրանք զբաղված էին իրենց բջջային հեռախոսներով: Իրերը և մարդիկ իրենց տեղում չէին: Սակայն ամենամեծ հիասթափությունը դեռ առջևում էր. իրավախախտ ապարանցին՝ լայն ժպիտը դեմքին, առանց հերթում սպասելու, սպասարկվեց արտոնյալ պայմաններում և լքեց օդանավակայանը:

​Հայաստանում անցկացված հաջորդ մի քանի օրերին ինձ համար ավելի պարզ դարձավ, որ չնայած, այսպես կոչված, «հեղափոխությանը» և Փաշինյանի կեղծ գովազդներին՝ Հայաստանը հետընթաց է ապրել: Կրթությունից մինչև քաղաքաշինություն… Կասկադի աստիճաններով բարձրանալիս անմիջապես նկատելի է քաղաքաշինական նորմերի կոպտագույն խախտումներով աստիճանների աջակողմյան հատվածում բարձրացված անճաշակ շինությունը, որը չկար 2019 թվականին:

​Մնում է հասկանալ՝ որտե՞ղ են հեղափոխական իշխանությունները և ինչի՞ դիմաց են հովանավորում իրավախախտ արտոնյալներին կամ հանդուրժում քաղաքաշինական կանոններն անտեսող և քաղաքի տեսքն ապականող առանձնատներ կառուցողներին: Ո՞ւր են Փաշինյանի խոստումները:

Ամերիկաբնակ  ՀՀ և ԱՄՆ քաղաքացի

Տեսանյութեր

Լրահոս