«Արդյունավետ կառավարում, երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրների խորքային ու ադեկվատ ընկալում չեմ տեսնում». Ռազմական փորձագետ

168.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը

– Պարոն Ջամալյան, տևական ժամանակ է` ադրբեջանական և թուրքական մամուլում ակտիվ շրջանառվում են լուրեր, որ Թուրքիան ցանկանում է Նախիջևանում ստեղծել բանակ։ Իրատեսակա՞ն եք համարում նման բանակի ստեղծումը, և եթե  նման բան տեղի ունենա, Հայաստանն ի՞նչ կարող է սպասել նախիջևանյան ուղղությունից։

– Նախիջևանից վաղուց է, որ մենք պետք է սպասենք ագրեսիայի այս կամ այն դրսևորում։ Թրքապատկան Նախիջևանը ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը սպառնացող լրջագույն գործոն է։ Այսօր Նախիջևանը, հայոց հայրենիքի մի մասը, ցավոք, վերածված է ՀՀ-ի դեմ ագրեսիայի պլացդարմի։ Երկրորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցության ամենակարևորագույն կողմերից  մեկն առավելագույնս ապահովագրելն է արդար ազատագրման հեռանկարից, և այստեղ թուրքական զինուժը եղել է և կա։ Սա նոր բան չէ, այնտեղ թուրքական ներկայությունն ունի հարաճուն բնույթ։ Նախիջևանն այսօր տնտեսապես, ռազմաքաղաքական առումով շատ ավելի կապված է Թուրքիայի հետ և ավելի վերահսկելի է Թուրքիայի կողմից, քան Ադրբեջանի։

Ինչ վերաբերում է ռազմաբազային, ապա այդ խոսակցությունները մերթընդմերթ ակտիվանում են, թուրքական ներկայությունն այնտեղ, այսպես թե այնպես, առկա է։ Խոսքն ընդամենն այդ ներկայությանը լեգիտիմ տեսք տալու մասին է։ Սպառնալիքներն այդ կերպ, իհարկե, ավելի ակնհայտ և լեգիտիմ տեսք կստանան, եթե այդ ռազմաբազայի առկայությունն այդուամենայնիվ լինի։

Հիմա հարցն այն է, թե մենք ի՞նչ պետք է անենք։ Նախիջևանից սպառնացող վտանգը ոչ միայն Հայաստանինն է ու Արցախինը, այլև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանինը։ Հետևաբար՝ նաև այստեղ է, որ մեր հեռահար շահերը համընկնում են և խելամիտ ռազմաքաղաքական ղեկավարության առկայության դեպքում մենք ընդամենը պետք է ավելի սերտ դարձնենք մեր ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Վտանգը, որը գալիս է Նախիջևանից, ընդհանուր է, այն սպառնում է և՛ Ռուսաստանի կենսական շահերին, և՛ մեր գոյությանը։ Այսինքն՝ խոսքը գոյաբանական վտանգի մասին է, որն առհասարակ թուրք-ադրբեջանական  տանդեմից կա, իսկ առհասարակ Նախիջևանի դեպքում ավելի ակնհայտ է դառնալու։

– Դուք Հայաստանի կողմից գործուն քայլեր տեսնո՞ւմ եք  թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար։

– Ես արդյունավետ կառավարում առհասարակ չեմ տեսնում երկրում, ես չեմ տեսնում երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրների խորքային ու ադեկվատ ընկալում։ Դանակը հասնում է ոսկորին, այո,  ինչ-որ քայլերի դիմում են։ Մենք հայ-ռուսական հարաբերություններում տեսնում ենք ինչ-ինչ կնճիռներ՝ պայմանավորված զուտ այն հանգամանքով, որ օրվա ղեկավարությունն իրացնում է սորոսական օրակարգ։ Փառք Աստծո, որ ունենք կազմակերպված Զինված ուժեր։

Մեկ կարևոր հանգամանք էլ կա, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքն այդուհանդերձ արդյունավետ գործում է՝ ՀԱՊԿ-ն իբրև անվտանգության հավելյալ երաշխիք, հուլիսյան դեպքերն այդ մասին վկայեցին։ Մեկ բան է հստակ, որ ռուսական կողմի համար Հայաստանը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող դաշնակից է։ Հայաստանը հավերժ է, օրվա իշխանությունը՝ անցողիկ, ընդ որում, կարծում եմ՝ արագ անցողիկ, և սա հաշվի առնելով՝  ռուսական կողմը, ի հեճուկս սորոսական կտցահարումների, չի անում այնպիսի քայլեր, որոնք էապես կվտանգեին ՀՀ-ի անվտանգությունը, այլ ընդհակառակը՝ իր դաշնակցային պարտավորությունները հավատարմորեն կատարում է, որովհետև շատ լավ գիտակցում է, որ ՀՀ անվտանգությունը նպաստում է նաև իր կենսական շահերին։ Սա է խնդիրը։

– Պարոն Ջամալյան, թուրք-ադրբեջանական համագործակցությունը, որն  ուղղված է Հայաստանի անվտանգության դեմ, արդեն քարոզվում է նաև պետական լրատվամիջոցներով։ Հայկական կողմն այդ ամենին ինչո՞ւ չի արձագանքում։

– Չպետք է ասել, թե որևէ կերպ չի արձագանքում, պետք է օբյեկտիվ լինենք, այնուամենայնիվ, ինչ-ինչ արձագանք կա։ Բայց պետք է գիտակցել հետևյալը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումները մեր հանդեպ եղել են, կան ու լինելու են։ Կա Նախիջևանը տարածականորեն Ադրբեջանի հետ կապելու թուրքական հեռահար նպատակը, դեռ խորհրդային տարիներին, Խորհրդային Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղար Հեյդար Ալիևի կողմից այդ գիտակցությունը կար։ Նա դեռ խորհրդային տարիներին փորձում էր Մեղրու շրջանը կոմունիկացնել, թրքացնել և կապել Նախիջևանի հետ և հետո աստիճանաբար բարձրացնել Ադրբեջանին միացնելու հարցը։

Այնպես որ, այդ նպատակը միշտ կա, իշխանությունները փոխվում են, իսկ հեռահար նպատակները մնում են, սա մեզ համար գոյաբանական խնդիր է, սա նշանակում է, որ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ միասին, աչք ունի ոչ միայն՝ Արցախի տարածքի, այլև՝ Սյունիքի վրա։ Առհասարակ, եթե մենք սահմանային որևէ էսկալացիա ենք տեսնում, ապա այդտեղ Թուրքիայի մատը խառն է, Թուրքիան ինչ-որ կերպ այնտեղ ներկա է։ Վտանգն անընդհատ է թուրք-ադրբեջանական տանդեմից բխող։ Թուրքը չի փոխվում, թուրքական սպառնալիքն անընդհատ է, մենք իբրև կենսունակ պետություն՝ պետք է կայանանք մշտական արտաքին վտանգների պայմաններում։ Սա ենթադրում է, որ մենք շատ կազմակերպված պետք է լինենք՝ որպես  հանրություն, արագ մոբիլիզանալու ունակ լինենք, իսկ ազգ-բանակ կոնցեպտը հենց սրան էր միտված։

– Ի՞նչ կարծիք ունեք՝ աշխարհազոր ստեղծելու հետ կապված, այն ինչպիսի՞ կոնցեպտ պետք է ունենա, որպեսզի համապատասխանի երկրի ռազմավարությանը, ծրագրերին ու նպատակներին։

– Ինքնին գաղափարը լավն է, առողջ է, դետալներին մանրամասնորեն դեռևս ծանոթ չեմ։ Ինձ այս օրերին հաճախ են հարցրել, թե ինչ վերաբերմունք ունեմ աշխարհազորի վերաբերյալ, գաղափարն առողջ է, բայց դետալները պետք է ուսումնասիրել։ Ոչինչ չպետք է արվի PR-ի համար, պետք է շատ հստակ ուղենշվեն մեխանիզմները, երբ ու ինչպես այն ներգրավելու, ինչպես է լինելու ԵԿՄ-ի դերն ու տեղը մեր երկրում։

Լավ նախաձեռնության անվան տակ քաոս չպետք է ստեղծվի։ Ամեն ինչ ճշգրտորեն պետք է հաշվարկել։ Մեկ մտավախություն ունեմ, որ այս ամենը փիառ ակցիայի մաս կարող է լինել։

– Ծանոթանալուց հետո հնարավո՞ր է՝ նաև Ձեր առաջարկները ներկայացնեք։

– Կարծում եմ՝ այս իշխանությանն ինչ-որ բան առաջարկելն այդքան էլ տեղին չէ, որևէ կերպ իրենց հետ չեմ համագործակցել, չեմ էլ պատրաստվում։ Այս տարիներին սպասել ենք, որպեսզի շատ կարևոր հարցեր լուծվեն։ Սպասել ենք, որպեսզի իշխանությունն այնուամենայնիվ փորձի ձերբազատվել իրեն խեղդող սորոսական վիշապից, սակայն այդ ուղղությամբ որևէ քայլ չենք տեսնում։ Լավագույն առաջարկը, որն արվել է՝ վերադարձեք ազգ-բանակ կոնցեպտին, այնտեղ ամեն ինչ դետալիզացված, հստակ ասված է եղել։

 

Տեսանյութեր

Լրահոս