«Դատավորը կա՛մ պետք է մտնի դատաքննական փուլ, կա՛մ Ռոբերտ Քոչարյանն այլևս չխոսի քաղաքականություն վերադառնալու մասին». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կիսում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների այն տեսակետը, որ այդ գործի դատավարությունը վերածվել է ֆարսի։

Նրա խոսքով՝ այն, որ այդ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի թեթև ձեռքով վերածվել է ֆարսի, արդեն 1,5 տարի բոլորը համոզվում են։

«Հիմա Ռոբերտ Քոչարյանը փոխանակ գնա դատաքննական փուլ և փորձի իր առջև դրված մեղադրանքները, նաև այլ զինվորականների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, մեղադրանքների բացատրությունները հերքի կամ ապացուցի, վերցրել է այլ տակտիկական իրավական գործընթաց՝ խափանումների անվերջ շրջապտույտների միջով։ Կարծես դա սկսել է դատավորին դուր գալ այն աստիճանի, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին դարակազմիկ հանդիպման ընթացքում ասաց, որ երեքշաբթի օրերն ինքն իր օրակարգից ջնջել է։ Նա մեկ տարօրինակ բան էլ ասաց, թե չի հասկանում, թե իրեն ինչի մեջ են մեղադրում։ «008» հրամանը օդի՞ց է եկել։ Այնպես որ, դատավորը կա՛մ պետք է  իրեն ընձեռած իրավասությունների շրջանակում մտնի դատաքննական փուլ, կա՛մ Ռոբերտ Քոչարյանն այլևս չխոսի քաղաքականություն վերադառնալու մասին։ Իր քաղաքականություն վերադառնալու լավագույն ճանապարհը դա դատաքննության գործընթացին չխոչընդոտելն է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ իր խոսքը թեմայի հետ կապված արդեն ասաց և բավականին կոշտ, գուցե սահմանը մի քիչ էլ անցավ։ Նաև ընդգծեց, որ դատական համակարգը պետք է ինքն իր մեջ ուժ գտներ հեղափոխությունից հետո առողջացման ինքնադրսևորման մեխանիզմներ գտնելու։

«Սա կարող էր անել Սահմանադրական դատարանը, բայց չարեց»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ այլևս չեն մասնակցելու «Մարտի 1»-ի գործի դատավարությանը, քանի որ դատական համակարգում խնդիրներ են տեսնում, և այդ գործը վերածվել է բացահայտ ֆարսի։

Տեսանյութեր

Լրահոս