Աշխատանքային խնդիրներին այս պահին չեմ տիրապետում. Փոխքաղաքապետի թեկնածու

Երևանի ավագանուն այսօրվա նիստում առաջարկվել է փոխքաղաքապետ նշանակել  Սերգեյ Ներսեսյանին: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հարցի ժամանակ, որի նախաբանում նա խոսում էր նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի գործունեության մասին,  խոսափողի հետ խնդիրներ առաջացան:

«Շատ տարօրինակ է իմ ելույթի ժամանակ էս ձայները»,- ասաց Վարդանյանը:

Խոսափողի հետ կապված խնդիրը լուծելուց հետո ավագանու անդամը շարունակեց իր հարցը:

«Քանի՞ տոկոս եք պատկերացնում ծավալը Ձեր աշխատանքի և քանի՞ տոկոսով եք պատրաստ իրականացնել այդ աշխատանքը»,- հարցրեց Թեհմինա Վարդանյանը:

Սերգեյ Ներսեսյանն ասաց, որ այդ հարցին տոկոսային հարաբերակցությամբ պատասխանելն անպատասխանատու կլինի, քանի որ կարճ ժամանակ է ունեցել ոլորտն ուսումնասիրելու համար:

«Ես տասնօրյա ժամանակահատված եմ ունեցել ուսումնասիրելու համար, իսկ հաշվի առնելով Երևան համայնքի խնդիրները, այն հարցերը, որոնք մենք ունենք, որոնք տեսել եմ մինչև այս՝ որպես ՀՀ քաղաքացի, երևանցի Սերգեյ Ներսեսյան, ես դրանց եմ լավ տիրապետում, բայց այն խնդիրները, որոնք մենք ունենք աշխատանքային գործառույթների շրջանակում, ցավոք սրտի, դրանց այս պահին չեմ տիրապետում, բայց վստահեցնում եմ, որ մաքսիմալ սեղմ ժամկետներում կտիրապետեմ»,- ասաց Ներսեսյանը:

Նա նաև խոստացավ, որ խնդիրները հերթով լուծվելու են, ինքն էլ ականջալուր է լինելու ընդդիմության առաջարկներին:

Տեսանյութեր

Լրահոս