Խաչիկյանները հանդիպել են

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվել Վազգեն Խաչիկյանի շահերը պաշտպանելու լիազորությունից (hիշեցնենք, որ Տիգրան Աթանեսյանը Վ. Խաչիկյանի համակուրսեցին է), Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ, Վ. Խաչիկյանի եղբայր Հայկազ Խաչիկյանը նախ՝ պատասխանեց, թե տեղյակ չէ, ապա  ավելացրեց.

– Դե, տարբեր պատճառներ կան, էլի, հիմա ի՞նչ կարևոր է:

– Այսինքն` Դո՞ւք եք հրաժարվել նրա ծառայությունից:

– Հա-հա:

Կարդացեք նաև

– Գոհ չէի՞ք նրա աշխատանքից: Ի՞նչն էր պատճառը:

– Չէ, տենց ոչ մի պատճառ չկա:

– Ուղղակի փոխեցի՞ք:

– Հա-հա:

– Իսկ տեսե՞լ եք Վազգեն Խաչիկյանին:

– Չէ, չեմ տեսել:

– Ցանկությո՞ւն էլ չեք ունեցել նրան տեսնել, հանդիպել:

– Որ ասեմ  չէ` կհավատա՞ք:

– Այսինքն` դիմել եք` մերժե՞լ են Ձեզ:

– Չէ… Մի անգամ տեսել եմ:

– Ե՞րբ:

– Մի քանի օր առաջ:

– Իսկ ինչպե՞ս է զգում իրեն Վազգեն Խաչիկյանը:

– Լավ, լավ:

Որոշ հարցերի պատասխաններ մենք ստացանք նաև Վ. Խաչիկյանի նոր փաստաբանից` Ժորա Վարոսյանից, ով նաև Վ. Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի փաստաբանն է: Վերջինս ասաց, որ արդեն երեք օր է` ներգրավվել է` որպես Վ. Խաչիկյանի փաստաբան, և Վ. Խաչիկյանի շահերը պաշտպանելու համար դիմում է գրել Հ. Խաչիկյանը: Ժ. Վարոսյանը նաև նշեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչո՞ւ են փոխել նախորդ փաստաբանին: Ժ. Վարոսյանի խոսքով` քրգործը  դեռ նախաքննության փուլում է:

Հիշեցնենք նաև, որ  այս առնչությամբ Տ. Աթանեսյանը henaran.am-ի հետ զրույցում ասել էր.  «Զբաղվածության և ծանրաբեռնվածության պատճառով նախաքննության փուլում ես չեմ ներկայացնի նրա շահերը: Սա երկուստեք պայմանավորվածության արդյունքում է որոշվել: Իսկ արդեն դատաքննության ընթացքում կմիանամ պաշտպանական խմբին»:

Հիշեցնենք նաև, որ Վ. Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնական կեղծիք կատարելու համար:

 

 

Տեսանյութեր

Լրահոս