«Էդպես եթե լիներ, ուրեմն եղբորս շիրիմը տարին 12 ամիս պղծում են. շրթներկով համբուրում են, տեղը մնում է, հետո, երբ չոր շորով փորձում են մաքրել, ավելի է լղոզվում»
Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում տեղեկացնում է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։
«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ… Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որևէ արժեք չտված ինչ-որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների շիրիմաքարերը։ Այս անգամ՝ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ՝ Արմենակ Ուրֆանյանինը և Ռոբերտ Աբաջյանինը։
Թքեմ ես Ձեր երեսին՝ հաշվի առնելով կոնտենտը, դրա համար եմ սենց ասում։
ՀՀ ոստիկանություն /Police of the Republic of Armenia Կարծում եմ՝ անելիք ունեք, մեր պետություններում վանդալներ կան»,- գրել է նա:
Նշենք, որ նկարների ճակատային մասում յուղի հետքեր են հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդն դեպքն է, երբ պղծվում են Ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմները։ Նախորդը դեպքը տեղի էր ունեցել 2019-ի օգոստոսին։
168.am-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, նշեց, որ «շրթներկով համբուրում են, 5 րոպե հետո արևի տակ… ու տեղը երևում է, և երբ չոր շորով փորձում են մաքրել, ավելի է լղոզվում»: Այսինքն՝ միշտ չէ, որ սրա տակ «դավաճանական» կամ միտումնավոր քայլ պիտի տեսնել:
«Համոզված եմ, որ այո, այդպես է եղել: Էդպես եթե լիներ, ուրեմն եղբորս շիրիմը տարին 12 ամիս պղծում են: Իմ աչքի առաջ բազմաթիվ անգամներ եղել է, որ համբուրել են, հետո փորձել ձեռքի թաշկինակով մաքրել, ու ավելի են լղոզել: Եռաբլուրի հնաբնակները դա լավ գիտեն. տղերքին սիրող աղջիկները գալիս են հիմնականում մենակ, համբուրում են քարը, հետո իրար խառնվում, մաքրում և… Օճառաջրով լվանալ է պետք, նաև՝ խնդրել, որ ինչքան էլ սիրում են և կարոտում, շրթներկով չհամբուրեն»,- ասաց Արամ Սարգսյանը:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հանրային հեռուստատեսության հետ զրույցում, սակայն, Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, նշել է, որ այսօր առավոտյան է հայտնաբերել այս վիճակը:
«Ամեն անգամ գալիս եմ, շիրմաքարերը սրբում եմ, նորմալ է, բայց այս անգամ չհասկացա՝ ինչ են ուզում դրանով ասել: Անցած անգամ ճիշտ չեն աշխատել, տասն օր առաջ դատախազությունից ստացել ենք քննությունը, որ իբր թե այդ հոգեկան վիճակով հիվանդ կինն է արել, իբր թե իր տանը հայտնաբերել են, բա սրա համա՞ր ինչ կասեն: Առանձին արված է հենց Արցախի երկու հերոսների շիրմաքարին»,- ասում է հերոսի մայրը:
Ի դեպ, «Եռաբլուրի» աշխատողներից մեկը ևս «համբույրի» վարկածն առաջ քաշեց, ինչի մասին մեզ հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը:
Վազգեն Սարգսյանի եղբայրը տեսանյութին ծանոթանալուց հետո ևս մնաց իր կարծիքին. «Կասկած չունեմ, որ շրթներկ է, յուղը կամ շշով են լցնում, կամ ինչ-որ բանով քսում, որի հետքն էդպիսին չէր լինի։ Բազմաթիվ անգամներ նույն կարգի հետքերից լվացել ենք Վազգենի քարը»։
Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է. «Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։ Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»: