Ոչ ոք չի կարող ստիպել՝ մենք դադարեցնենք մեր գործունեությունը. Հարություն Հարությունյան․ Փաստինֆո
Փաստինֆո-ն գրում է․ ««Փորձում եմ ուշադրություն չդարձնել նման լուրերին, որովհետև, ըստ էության, այդ լուրերը չունեն հստակ հասցեատեր, չգիտես, թե որ աղբյուրից են տարածվում դրանք։ Փաստացի այդ ամենի գնահատականը կտամ հենց մրցույթի ժամանակ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է TV5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերին մամուլում քննարկման թեմա դարձած՝ առաջիկայում որոշ լրատվամիջոցներին կապուղի չտրամադրելու հարցին,- ես չեմ զարմանա, որ իմանամ ինչ – որ մի տեղ, ինչ – որ մի անկյունում նման հարց քննարկվել կամ քննարկվում է։
Ես վստահ եմ, որ, եթե կա 100 մարդ, որ ուզում է «5-րդ ալիքը» չլինի, ապա 10 հազար մարդու մոտ դա լուրջ դժգոհություն կառաջացնի։ Չէ՞ որ մենք ունենք համապատասխան ուսումնասիրություններ և չափումներ, թե որքան մարդ է մեզ նայում կամ՝ ինչ ակնկալիքներ ունի մեր լսարանը մեզանից։ Կա համապատասխան օրենք, որով պայմանավորված որոշում է կայացվում՝ ում թույլ տան օգտվել հանրային մուլտիպլեքսից և ում թույլ չտան։ Մեզ ոչ ոք չի կարող ստիպել, որպեսզի մենք որպես հեռուստաընկերություն դադարեցնենք մեր գործունեությունը։ Ասեմ ավելին՝ ցանկացած պարագայում մենք շարունակելու ենք մեր գործունեությունը։ Եթե հանկարծ կապուղիների տրամադրման առաջիկա մրցույթում մեզ կապուղի չտրամադրվի, այդ հարցի լուծման վերաբերյալ շատ այլ ճանապարհներ կան։ Օրինակ՝ մենք արբանյակային հեռարձակման կանցնենք, կամ ինտերնետային հեռարձակում կիրականացնենք, ընդ որում, այդ պարագայում ավելի ազատ ձևաչափով, որովհետև այլևս ստիպված չենք լինի ենթարկվել վերահսկողություն իրականացնող կարգավորիչ մարմնին, որտեղ քննարկման թեմա կարող է դառնալ ցանկացած հարց՝ եթերում արտահայտած բառ, եթեր հրավիրված հյուր և այլն։ Այնպես, որ ցանկացած պարագայում այս իրավիճակից մենք շահող ենք դուրս գալու»։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ բացառում է արդյո՞ք TV5 հեռուստաընկերության տնօրենը, որ առաջիկայում լրատվամիջոցի փակման վերաբերյալ քաղաքական որոշում կարող է կայացվել, Հարություն Հարությունյանը պատասխանում է.«Նախ հստակեցնենք, որ մենք, ըստ պատշաճի, պատրաստվում ենք մասնակցել կապուղիների տրամադրման առաջիկա մրցույթին, ընդ որում, մրցույթին մասնակցելու և ներկայացնելու ենք շատ լուրջ ծրագիր։ Եթե ես կհամոզվեմ, որ իմ ներկայացրած ծրագրից ավելի թույլ ծրագրի հանրային մուլտիպլեքսից օգտվելու հնարավորություն են տվել, դրա համար էլ ճանապարհ կա՝ քննարկել հարցը դատական ատյաններում՝ ընդհուպ մինչև եվրոդատարան։ Ինչ վերաբերում է քաղաքական որոշման վերաբերյալ հարցադրմանը՝ ես ոչինչ չեմ բացառում։ Հաշվի առնելով այսօրվա իշխանության վերաբերմունքը մեր նկատմամբ, ասեմ ավելին՝ ես դրան սպասում եմ։ Պարզապես հիշեցման կարգով տեղեկացնեմ՝ կարծես չգրված մի օրինաչափությամբ՝ ինչ – որ նախաձեռնում է մեր իշխանությունը, վերջում, չգիտես ինչու՝ հակառակն է ստացվում։ Կլինի՞ քաղաքական որոշում, որի արդյունքում ճնշումներ կգործադրվեն ՀՌԱՀ –ի անդամների վրա, ինչի առնչությամբ ես խիստ կասկածում եմ, որ դրա բոլոր անդամները կճնշվեն, կամ այնտեղ ինչ-որ մեկը կճնշվի, այդ ամենը ցույց կտա ժամանակը, չեմ ուզում ժամանակից շուտ ենթադրություններ անել։ Այնպես, որ ինչպես ասում են՝ կապրենք – կտեսնենք»։
Հիշեցնենք, որ 2021 թվականին հունվարին լրանում է հեռուստաընկերությունների լիցենզիայի տրամադրման ժամկետը։ Օրենքով նախատեսված կարգով՝ ՀՌԱՀ-ը լիցենզավորման նոր մրցույթ հայտարարելու մասին կտեղեկացնի մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Մրցույթին կարճ ժամանակ է մնացել, սակայն արդեն տեղեկություններ կան այն մասին, որ իշխանությանը ոչ ցանկալի մի շարք հեռուստաընկերություններ հնարավոր է զրկվեն լիցենզիայից։ Այս ենթատեքստվում քննարկվում է մի շարք հեռուստաընկերությունների, այդ թվում՝ «Արմնյուզ», Հ2, «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին լիցենզիա չտրամադրելու հարցը։