Սերժ Սարգսյանի առողջական խնդրի պատճառով դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վահե Միսկարյանի նախագահությամբ, այսօր նշանակված Սերժ Սարգսյանի, Սերգո Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց: Պատճառը նիստին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությունն էր:
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանում հայտնեց, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանի առողջական վիճակը վատթարացել է, «ստուգվել է համապատասխան բժշկի կողմից, արձանագրվել է սուր շնչառական հիվանդություն»: Ամրամ Մակինյանը դատարան ներկայացրեց համապատասխան փաստաթուղթ:
Պաշտպանը նշեց, որ Սերժ Սարգսյանն այժմ հիվանդանոցում չի գտնվում, հավելեց, որ կա բժշկական ցուցում, ինչով պայմանավորված էլ Սերժ Սարգսյանը չի ներկայացել դատական նիստին:
Դատախազ Արսեն Մարտիրոսյանը, ծանոթանալով ներկայացրած բժշկական փաստաթղթին, հայտնեց, որ նրանում նշված չէ այսօր առկա այնպիսի ախտանիշների մասին, որոնք օբյեկտիվորեն անձին կարող են զրկել դատական նիստին ներկայանալու հնարավորությունից:
«Ինձ մոտ հարց է առաջանում, թե ներկա պահին ամբաստանյալի առողջական վիճակը ինչպիսին է, և արդյո՞ք վերջինս հնարավորությունից զրկված է այս դատական նիստին մասնակցելու, թե՞ ոչ: Դրանով պայմանավորված՝ ես իմ դիրքորոշումը կարտահայտեմ ամբաստանյալի դատական նիստին չներկայանալու հարգելի կամ ոչ հարգելի լինելու վերաբերյալ… Ես կխնդրեի նաև որոշակի պարզաբանումներ պահանջել պաշտպան պարոն Մակինյանից՝ նկատի ունենալով, որ իր մոտ պարբերաբար նիստից առաջ ինչ-որ հիվանդություններ են առաջանում՝ ջերմաստիճանի բարձրացում, այս կամ այն բժշկական հաստատություն դիմել»,- ասաց դատախազ Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ իր բարձրացրած հարցն էական նշանակություն ունի ամբաստանյալի վարքագիծը քննարկելու և խափանման միջոցը փոխելու հանգամանքին անդրադառնալու առումով։
Ամրամ Մակինյանը նշեց, թե դատախազն իր վերաբերմունքով ու նման արտահայտություններ անելով՝ անցնում է էթիկայի սահմանները, մինչդեռ դատարանը հայտնեց, որ դատախազի գործողություններում նման քայլ չի տեսել:
Դատարանը Սերժ Սարգսյանի բացակայությունը չհամարեց անհարգելի: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում