Չեռնոգորիայի նախագահը համաձայնվել է ընտրությունների արդյունքներին և անցնում է ընդդիմություն
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ ինքը եւ իր՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) համաձայն են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ անցնում են ընդդիմություն։
«Մենք կարծում ենք, որ նախնական արդյունքները կդառնան պաշտոնական, 41 մանդատ կստանա եռանդամ կոալիցիան, որը մինչեւ հիմա ընդդիմություն էր, իսկ ՍԴԿ-ն իր կոալիցիոն գործընկերների հետ կստանա մեկ տեղ պակաս, կունենա 40 մանդատ: Մենք չենք պատրաստվում բանավիճելու քաղաքացիների ժողովրդական կամքի հետ: Քաղաքացիների ընտրական կամքը դա է, մենք այն կհարգենք, իսկ մեր քաղաքականության համար կշարունակենք նույնպես կրքոտ պայքարել ընդդիմադիր աթոռներից»,- հայտարարել է Ջուկանովիչը Ավստրիայի ORF ալիքին տված հարցազրույցում, որը սեպտեմբերի 3-ին հրապարակել է Չեռնոգորիայի RTCG ազգային հեռուստատեսությունը:
Ջուկանովիչը կոչ է արել «սպասելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերջնական տվյալներին», սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում հետընտրական տեխնոլոգիաներով ազդելու քվեարկության արդյունքների վրա:
«ՍԴԿ-ի համար տարբերակ չէ որեւիցե հետընտրական ինժինիրոնգով, այսինքն՝ տեղերում արդյունքների չեղարկմամբ եւ կրկնական քվեարկությամբ հարցականի տակ դնել այն, ինչը մեզ համար անվիճելի դեմոկրատական փաստ է»,- հայտարարել է Ջուկանովիչը:
ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեների 100 հոկոսի հաշվումից հետո կառավարող՝Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Միլո Ջուկանովիչն է, բավականաչափ քվեներ չի հավաքել կաբինետ կազմելու համար: Նախնական տվյալներով՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցության դաշինքը խորհրդարանում ստանում է 30 տեղ, «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» դաշինքը՝ 27 տեղ, «Աշխարհ – մեր ազգը» դաշինքը՝ 10 տեղ, «Սեւը սպիտակին» դաշինքը՝ 4 տեղ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտարարել է «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» խոշորագույն ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Զդրավկո Կրիվոկապիչը, ընդդիմությունը մտադիր է համատեղ կաբինետ կազմել:
Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են օգոստոսի 30-ին՝ ընտրողների ռեկորդային մասնակցությամբ՝ 75,9 տոկոս: