Բաժիններ՝

Դպրոցները կապահովվեն հակավիրուսային ախտահանիչ նյութերով ու դիմակներով

Կառավարությունը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնման անհրաժեշտ գումար կհատկացնի։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել և աշակերտներին (սաներին, ուսանողներին), և մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով): Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը:

Նախագծով նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և’ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և անձնակազմի 100 %-ին, ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատությունները ապահովել ախտահանիչներով: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակը (2%-անց քլորի լուծույթի դեպքում յուրաքանչյուր կազմակերպությանը օրական 50լ) և քլորի 1 կգ-ի համար 3500 ՀՀ դրամ գինը:

Հարությունյանը նշեց, որ անհրաժեշտ միջոցները հատկացվելու են պահուստային ֆոնդից։

Արձագանքելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս տարվա պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է:

«Օրակարգի 33-րդ հարցով նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացում կատարել, որը, ճիշտն ասած, չի քննարկվել՝ ենթադրում եմ հրատապությամբ պայմանավորված»,- ասաց նախարարը:

«Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,-ասաց Ջանջուղազյանը և նշեց, որ խոսքը ֆինանսական հատկացման մասին է և առաջարկեց մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, ապա նոր նախագիծը հաստատել:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ խոսքը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնման մասին է և մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս