Արդյո՞ք Զարեհ Սինանյանը հրավիրվել է ԱԳՆ` « ճապոնացիները չինացիների ու կորեացիների սինթեզն են» որակումից հետո

«Պարոն Սինանյանի վերոնշյալ հայտարարությունը դիտարկում ենք` որպես իր կողմից արված անձնական հայտարարություն»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հարցին, թե արդյոք իր հայտնի հայտարարությունից հետո, թե՝ ճապոնացիները չինացիների ու կորեացիների սինթեզն են, Զարեհ Սինանյանը հրավիրվե՞լ է ԱԳՆ, և ԱԳՆ-ն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում դասընթացներ իրականացնելու իշխանության ներկայացուցիչիների համար, որպեսզի նրանց հայտարարությունները միջպետական սկանդալի առիթ չդառնան՝ Նաղդալյանը պատասխանեց, որ պարոն Սինանյանը հանդիսանում է ՀՀ կառավարության մաս, ինչպես և ՀՀ կառավարության գործադիր իշխանության մաս է ԱԳՆ-ն։ Ուստի, նրա խոսքով, կոռեկտ չէ կառավարության մեկ անդամին հրավիրել մյուս անդամի մոտ։

Նաղդալյանը վստահեցրեց, որ կառավարության բոլոր անդամների միջև կա սերտ համագործակցություն տարբեր հարցերի և, հատկապես՝ արտաքին քաղաքականության շուրջ, և իրենց համագործակցությունն արտաքին քաղաքական ոլորտում սերտորեն շարունակվում է։

«Իսկ Սինանյանի վերոնշյալ հայտարարությունը դիտարկում ենք՝ որպես իր կողմից արված անձնական հայտարարություն»,- ասաց նա։

ՀՀ ԱԳՆ խոսնակը նաև նշեց, որ պարոն Սինանյանի և ԱԳ նախարարի միջև շփումներն այս օրերին ամենօրյա բնույթ են կրում։ «Ես չգիտեմ՝ հատուկ անդրադարձ արվե՞լ է այդ հարցին, թե՞ ոչ, կարող եմ հետագայում ճշտել»,- ասաց Նաղդալյանը։

Տեսանյութեր

Լրահոս