Մաասը ներկայացրել է Գերմանիայի դիրքորոշումը «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ
Գերմանիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների առնչությամբ, բայց ինքնուրույն է լուծելու էներգամատակարարման հարցերը: Այդ մասին ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է Բեռլինում անցկացված մամուլի ասուլիսում:
«Այդ հաշվով կասեմ այն, ինչ միշտ ասում եմ: Մենք չենք կարծում, թե նման արտատարածքային պատժամիջոցները համապատասխանում են միջազգային իրավունքին: Այդ մասին ես նաեւ ուղիղ երկխոսությամբ հայտարարել եմ իմ պաշտոնակից Մայք Փոմպեոյին: Այդ կապակցությամբ մենք բանակցություններ ենք վարում Վաշինգտոնի վարչակազմի հետ, եւ դա մնում է մեր դիրքորոշումը»,-հայտարարել է Մաասը, հավելելով, որ «մենք ինքներս Գերմանիայում պետք է ընդունենք եւ ընդունելու ենք որոշում մեր էներգամատակարարման վերաբերյալ»:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցում՝ ՌԴ-ի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Այն իրագործելու է Nord Stream 2 AG-ը՝ միակ բաժնետիրոջ՝ «Գազպրոմ»-ի հետ: Եվրոպական գործընկերները՝ Royal Dutch Shell-ը, OMV-ն, Engie-ն, Uniper-ը եւ Wintershall-ը, նախագիծը միագումար ֆինանսավորում են 50 տոկոսով, այսինքն՝ յուրաքանչյուրը մինչեւ 950 մլն եվրո գումարով:
՛Նախագծի դեմ ակտիվորեն հանդես է գալիս ԱՄՆ-ը, որը ԵՄ-ում առաջ է քաշում իր հեղուկացված բնական գազը: Դեկտեմբերին նահանգները պատժամիջոցներ են սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ ընկերություններից պահանջելով անհապաղ դադարեցնել գազատարի անցկացումը: Շվեյցարական Allseas-ը գործնականում անմիջապես հայտարարել էր այդ աշխատանքները դադարեցնելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: