Պահն է, որ բռնցքվենք ազգովի, որպեսզի կարողանանք դիմագրավել մեր առջև ծառացող մարտահրավերները. Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ուղերձ է հղել, որում ասված է․

«Անցած ամիս Տավուշի շրջանի վրա Ադրբեջանի կատարած հարձակումից հետո, բնականաբար, անհրաժեշտ էր, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, համահայկական այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ սփյուռքյան եւ հայաստանյան ժողովրդային խավերը ոտքի կանգնեին եւ հասնեին հայրենիքի օժանդակությանը։ Այդ ուղղությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջին հերթին քաղաքական աշխատանք կազմակերպեց Հայ դատի հանձնախմբերի ցանցով, որպեսզի մենք կարողանանք զորավիգ լինել Հայաստանի բանակին՝ որպես սփյուռքում գործող երկրորդ բանակը հայության, որպեսզի աշխարհի պետություններում հստակ ներկայացնենք Ադրբեջանի հարձակողապաշտ նկարագիրը, անընդունելի հայտարարություններն ու կեցվածքները, բացատրենք ու ամրապնդենք Հայաստանի դիրքերը։

Անհրաժեշտ էր սակայն, ինչպես խոստացել էինք, որ մենք այդ քաղաքական աշխատանքից անդին նաեւ անցնենք ժողովրդային եւ բանակի օժանդակության գործին։ Եվ այսօր ուրախ եմ ասել, որ մեր ծավալած ծրագրերն արդեն որոշ ճանապարհ են անցել՝ երեք ուղղություններով։

Առաջինը բանակի օժանդակության «Զինվորի ապահովագրության» հիմնադրամի նվիրատվությունների խնդիրն է։ Միջոցներն արդեն սկսել են հոսել դեպի Հայաստան և ինչպես նշում են այնտեղ, վերջին շրջանում կազմակերպված նվիրատվություններն ավելին էին, քան նախորդող երեք տարիների ընթացքում։ Այդ արշավը պիտի շարունակենք հակառակ այն իրողության, որ միջինարևելյան տագնապը, բնականաբար, մեր ուշադրությունը մի քիչ շեղեց, որպեսզի հասնենք նաեւ Լիբանանի և Սիրիայի օժանդակության աշխատանքներին, բայց մեր ունեցած տրամադրությունը, մեր ունեցած պատրաստակամությունը հայ բանակի կողքին կանգնելու մնայուն երևույթ է և շարունակական։

Երկրորդը Հայաստանի սահմանամերձ եւ սահմանապահ գյուղերի օժանդակության ու ամրապնդման խնդիրն է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ճամփով այդ աշխատանքը հունավորելու ծրագիրն էլկմշակենք և վստահ ենք, որ առաջիկա ամիսների ընթացքում այնտեղ էլ պիտի կարողանանք իրականացնել կարևոր նախաձեռնություններ։

Իսկ երրորդը մեր կազմակերպական մեքենան աշխարհով մեկ լարելն է, բոլոր կոմիտեները, քույր կոմիտեության հասկացողությամբ, Հայաստանի մեջ գործող մեր մարմինների հետ կապելն է, որպեսզի նրանք միասնաբար հայթայթեն անհրաժեշտ միջոցները, ունենան ծրագրեր եւ ծառայեն ժողովրդին։ Այսինքն՝ մեկ խոսքով, կազմակերպական ճիգերով, ներքին կազմակերպական ճիգերով այդ քույր միությունների խնդիրը, որ ճանապարհ պիտի ելնի, չպիտի ծառայի պարզապես կազմակերպական հզորացմանը, այլ ընդհակառակը՝ պիտի ծառայի ժողովրդի օժանդակությանը։ Բոլոր այն շրջանները, որոնք սահմանապահ են կամ սահմանամերձ, կարոտ են անմիջական խնամքի, որպեսզի մեր երիտասարդության ոտքը ամուր կպած մնա մայրենի հողին, և նաև կարողանանք հպարտորեն ասել, որ այս կարևոր հանգրվանին հասանք հայրենիքի օժանդակությանը և կարողացանք ապահովել նրա անվտանգության գոնե մեկ փոքր բաժինը։

Սիրելիներ, ավելի քան երբեւէ, հիմա պահն է, որ մենք բռնցքվենք ազգովի, որպեսզի կարողանանք դիմագրավել մեր առջև ծառացող մարտահրավերները։ Միասնաբար կարողանանք կանգնել մեր երկու պետականությունների կողքին՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, որպեսզի ազգովի կարողանանք ապահովել նրանց անվտանգությունը, բարձրացնել միջազգային հեղինակությունը և սատարել ներքին գործընթացներին, որպեսզի ունենանք այն հայրենիքը, որի մասին երազել ենք մեր սրտերում եւ մտքում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պատրաստ է ստանձնելու իր դերը և արդեն իսկ անցել է գործի։

Հավատում ենք, որ այսօր, ավելի քան երբեւէ, անհրաժեշտություն է, որ մենք բոլոր ուժերը մեկտեղենք՝ մեր գործը առավել արդյունավետ, մեր աշխատանքը առավել նպատակասլաց դարձնելու համար՝ բնականաբար մեր ամբողջական ներուժը տրամադրելով հայրենիքին»։

Տեսանյութեր

Լրահոս