Բաժիններ՝

Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով

2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս