Գերագույն դատարանի ստեղծումը լուրջ խնդիր է մեր երկրի ժողովրդավարական ապագայի համար. Վիգեն Քոչարյան

«Ես ունեմ շատ լուրջ և չփարատված մտահոգություններ հնարավոր այս միավորման հետ կապված»,- «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԲԴԽ գիտնական-անդամ Վիգեն Քոչարյանը:

«Ամենահիմնական մտահոգությունս հանգում է նրան, որ մենք, ստեղծելով Գերագույն դատարան և օժտելով, ինչպես գործընկերը նշեց, նրան բոլոր լիազորություններով, որ այսօր ունի Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը, ստեղծում ենք դատական իշխանության գերկենտրոնացում, որը որևէ կերպ չի կարող նպաստել մեր առջև կանգնած խնդիրների լուծմանը, այլ ավելին՝ կարող է նոր և միգուցե ավելի շատ լուրջ խնդիրների ծագման պատճառ դառնալ»,- ասաց Վ. Քոչարյանը:

Իրավաբանի խոսքով՝ այսօր Հայաստանում գործող համակարգի տրամաբանությունը դատական ատյանների ուղղահայացության բացակայության մեջ է: Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, ըստ Քոչարյանի,  իրարից տարբերվում են  գործառույթներով: Ու ստեղծելով Գերագույն դատարանը, ուղղակիորեն, ըստ նրա,  ստորադաս դատարաններին ստիպելու են ենթարկվել Գերագույն դատարանին, որը կունենա աննախադեպ լիազորություններ:

«Մենք ունենում ենք դատարան, որը հա՛մ լուծում է կոնկրետ գործերի վախճանը, հա՛մ մեկնաբանում է օրենքները, ցանկության դեպքում այդ օրենքները հակասահմանադրական է ճանաչում, որոշում է ընտրությունների արդյունքները, և այլն, մոտ տասնյակից ավելի լիազորություններ: Ներկայիս գործող համակարգում այդ իշխանությունը ապակենտրոնացված է… Եվ այստեղ լուրջ վտանգ է, որ կարող է ձևավորվել մի մարդկանց խումբ, որը կոչվում է Գերագույն դատարան, որն իր ձեռքում կկենտրոնացնի օրենսդրության մեկնաբանման, Սահմանադրության, կոնկրետ գործերի լուծման բոլոր գործառույթները: Ես դա մեր երկրի ժողովրդավարական ապագայի, ընդհանրապես մեր պետության կառույցի կայունության համար ես դա լուրջ խնդիր եմ դիտարկում»,- նշեց Վիգեն Քոչարյանը:

Խոսելով առաջարկվող մյուս փոփոխության՝ բոլոր դատական ատյաններին իրենց վարույթում գտնվող գործերով օրենքների սահմանադրականության մասին որոշում կայացնելու հնարավորությամբ օժտելու կամ, այլ կերպ ասած՝ ընդհանուր  համակարգի սահմանադրականացման մասին, Վիգեն Քոչարյանը դա համեմատեց առողջապահության ոլորտի հետ: Այսինքն, պարզաբանեց հանձնաժողովի անդամը,  դա նույնն է, որ առողջապահության նախարարը ասի, թե բոլոր բժիշկները պետք է հասկանան կարդիոխիրուրգիայից՝ սրտի վիրահատություններից: Ու պոլիկլինիկայի բժիշկն էլ կարողանա սրտի վիրահատություն անել-չանելու վերաբերյալ վերջնական կարծիք հայտնել:

Տեսանյութեր

Լրահոս