2020 թ. 1-ին կիսամյակում ՀՀ պետբյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը. բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկման մանրամասները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում արդեն մի քանի օր է՝ ընթանում են բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկումներ: Արդեն տեղի են ունեցել առողջապահական, կրթական, դիվանագիտական եւ պաշտպանության բլոկի քննարկումները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումները հիմնականում անցել են հանգիստ մթնոլորտում, չնայած դրանք դռնփակ են, եւ պատգամավորներն ու կառավարության անդամները հնարավորություն ունեն միմյանց հետ ավելի ազատ եւ անկաշկանդ խոսելու: Ինչպես բյուջետային ծրագրերի եւ բյուջեի մյուս քննարկումների ժամանակ, այս անգամ եւս կառավարության անդամները ներկայացրել են արված եւ արվելիք աշխատանքներն ու պատասխանել պատգամավորների հարցերին:
Սակայն նկատենք, որ հատկապես մի քանի գերատեսչությունների պարագայում տրված հարցերը սերտ առնչություն են ունեցել այսօր Հայաստանում տիրող իրավիճակին՝ պայմանավորված կորոնավիրուսով եւ արտակարգ դրությամբ:
Բանն այն է, որ այդ իրավիճակն իր ազդեցությունն է թողել բյուջեի եւ տնտեսության վրա: Օրինակ՝ 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել էր 179 ծրագրերի իրականացում՝ 46 պետական մարմինների պատասխանատվության ներքո: Փաստացի միջոցներ են օգտագործվել նախատեսված ծրագրերից 168-ի շրջանակներում: Ծրագրերի շրջանակներում նախատեսված 877 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են 698-ը կամ 79.6%-ը: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: