Առաջին բժիշկ Ազգային հերոսը․ Հագոպ Հովագուիմիանը պարգրատրվել է Հայրենիքի շքանշանով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ Հովագուիմիանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասին. Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագուպ (Հրայր) Սահակի Հովագուիմիանին պարգևատրել Հայրենիք շքանշանով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:
Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:
Հագոպ (Հրայր) Հովագուիմիանն առաջին բժիշկ Ազգային հերոսն է և 19-րդ անձը, որ արժանացել է այդ բարձրագույն կոչմանը։