Բաժիններ՝

Խաշթառակցի 4-ամյա երեխան դուրս կգրվի հիվանդանոցից․ ընտանիքի բոլոր երեխաներին կտանեն մանկան տուն

ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն օգոստոսի 27-ին դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Փոքրիկը ընտանիքի մյուս հինգ երեխաների հետ, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն նախնական տվյալներով տեղափոխվելու են Երևանի մանկան տուն»,- նշել է Դերձյանը:

Օգոստոսի 25-ին նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:

Իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքի 57 տարեկան բնակիչը կալանավորվել է։ 6-ամյա երեխան (մահացել է օգոստոսի 25-ին) ստացել էր համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա էր գանգային արյունազեղում։ Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում` Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև  ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: 28-ամյա կինը ևս ձերբակալվել էր, սակայն նրան կալանավորելու միջնորդությունը չէր բավարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս