Դպրոցում արգելվում է խաշ ուտել և ալկոհոլային խմիչքներ օգտագործել
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների, սանիտարական կանոնների և նորմերի մասին հրամանում: 2014թ.-ից գործող հրամանում, սակայն, նոր փոփոխություններից հետո էլ անփոփոխ են մնացել այնպիսի կետեր, որոնցով արգելվող սննդամթերքը դժվար թե հայտնվեր դպրոցական բուֆետում՝ անգամ արգելված չլինելու պարագայում:
Օրինակ՝ դպրոցում չի թույլատրվում օգտագործել խաշ: Հետաքրքիր է՝ եղե՞լ է նման նախադեպ, թե՞ ենթադրելի է եղել, որ երեխաները կարող են իրենց հետ տանից խաշ բերել, կամ ցանկություն հայտնել այն ուտել բուֆետում: Ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել քացախ, մանանեխ, գյուղական ծովաբողկ, ձու` անլվա կճեպով, աչքով-ձվածեղ, ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու, դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան): Չեն թույլատրվում գազավորված, քաղցր ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ:
Կարծում եք՝ մեծ կլինե՞ր դպրոցական բուֆետներում ալկոհոլային խմիչքների պահանջարկը, եթե դրանք արգելված չլինեին:
Ստորև ներկայացնում ենք փոփոխված ցանկն ամբողջությամբ.
1. ձու` անլվա կճեպով
2. ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու
3. բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
4. տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
5. նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
6. կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
7. դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
8. ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),
9. տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև՝ կաթնաշոռի պատրաստման համար,
10. կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
11. մակարոն՝ աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,
12. աչքով-ձվածեղ, թերխաշ և հում ձու,
13. սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
14. տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում՝ արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
15. հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
16. Ցանկացած տիպի վերամշակված մսից` ապխտած, կիսաապխտած, հում ապխտած մսից պատրաստված սնունդ, երշիկներ, նրբերշիկներ, սարդելկաներ
17. տապակած կերակրատեսակներ, այդ թվում՝ ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
18. մարգարին, խոհարարական և տրանսճարպեր,
19. քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
20. կծու սոուսներ, կետչուպներ, մայոնեզ,
21. սուրճ բնական, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
22. օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
23. գազավորված, քաղցր ըմպելիքներ,
24. պիստակ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ, և այլն,
25. շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք
26. բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք,
27. պաղպաղակ:
Փոփոխված հրամանն ուժի մեջ կմտնի օգոստոսի 30-ին, սակայն սեպտեմբերի 15-ից բացվող դպրոցներն ուսումնական տարին կսկսեն առանց բուֆետների և ճաշարանների: Դրանց աշխատանքն արգելվում է ԿԳՄՍՆ ուղեցույցով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում կարող է գործել սննդի կազմակերպման այլ ռեժիմ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։