Բաժիններ՝

«Բարձրակարգ հյուրանոց է, արդեն 6 ընտանիք տեղափոխվել է». վարչապետի օգնականը՝ փլուզված շենքի բնակիչների մասին

Այսօր ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, և շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայրում առավոտյան եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 3 քաղաքացու, որոնցից մեկը մահացած էր, երկուսը գտնվում են համալսարանական հիվանդանոցում, նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Շենքի բնակիչները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ իրենց անձնական տվյալները վերցրել են, որպեսզի կեցության հարցը լուծեն:

Հիշեցնենք, որ քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։

168.am-ը կապ հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ պարզելու, թե քանի՞ ընտանիքի է հատկացվել ժամանակավոր կացարան:

«Այս պահին քաղաքապետարանը, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները, սոց. աշխատողները նշված հասցեում աշխատանքներ են իրականացնում և գնահատում են կարիքները: Գիտենք, որ 12 բնակարանների բնակիչներն այսօր, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր կացարանի կարիք կունենան, այնուհանդերձ աշխատակիցներն ուսումնասիրում են, որպեսզի գնահատեն կարիքները, և եթե, ենթադրենք, մարդիկ կան, որոնք ունենք բնակության այլ վայրում հնարավորություն կամ հարազատի տանը մնալու հնարավորություն, այնուհանդերձ քաղաքապետարանը կտրամադրի ժամանակավոր կացարաններ կամ կփոխհատուցի վարձակալված բնակարանների վարձավճարները անհրաժեշտության դեպքում: Հետագայում արդեն, ըստ անհրաժեշտության՝ լրացուցիչ քայլերը կձեռնարկվեն»,- ասաց նա:

Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ արդեն հստակ տեղ, որտեղ տեղափոխվելու են կեցության խնդիր ունեցող բնակիչները.

«Բնականաբար, որևէ մեկն անօթևան չի մնա, դա բացառվում է, և ըստ անհրաժեշտության, ըստ կարիքի՝ կարող են լինել մարդիկ, որոնք նախընտրեն իրենց հարազատի բնակարանում ապրել, կարող են լինել մարդիկ, որոնք կտեղավորվեն հյուրանոցներում կամ ժամանակավոր այլ կացարաններում»:

Դիտարկմանը, թե ստացվում է՝ դեռ հստակ չէ՝ որտեղ է այդ կացարանը, Կարապետյանն ասաց.

«Մնալու են ժամանակավոր կացարաններում, հյուրանոցն էլ է ժամանակավոր կացարան: Դա ժամանակավոր կացարան է, սոցիալական աշխատողները կգնահատեն քանակը և կարիքները, և ըստ այդ կարիքների՝ մարդկանց կտեղավորեն: Համենայն դեպս, կարող եմ վստահ ասել, որ որևէ մեկն անօթևան չի մնա: Դրանք կյանքի և կենցաղի համար բավարար պայմաններով կացարաններ կլինեն: Տվյալ պարագայում էական չէ, թե դա հյուրանո՞ց է, թե՞ մասնավոր բնակարան: Այսօր մնալու տեղ էլ ունեն, հաջորդիվ էլ ունեն, այնքան ժամանակ, մինչև իրենց բնակարանի վերականգնումը, կունենան կացարան, կամ քաղաքապետարանը կփոխհատուցի նրանց վարձակալության գումարները, եթե իրենք նախընտրեն բնակարան վարձել»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը:

Կարապետյանից նաև հետաքրքրվեցինք, թե այն բնակիչների համար, որոնք փաստացի զրկվել են իրենց բնակարաններից, կրկին ժամանակավոր կացարաննե՞ր են տրամադրվելու, թե՞ քննարկվում է նոր բնակարաններ տրամադրելու հարցը.

«Այդ ամեն ինչը կգնահատվի համապատասխան գերատեսչությունների և մասնագետների կողմից և կտրվեն օպտիմալ լուծումներ»:

Քանի որ դեպքի վայրում աշխատանքներին նաև հետևում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, նրանից ևս հետաքրքրվեցինք, թե այս պահին բնակիչների ժամանակավոր կացության հարցի լուծումն ինչ փուլում է, ինչին Սարգսյանը պատասխանեց, որ քաղաքացիներին ժամանակավոր կացություն է տրամադրվել հյուրանոցում:

«Հստակ հյուրանոց կա, արդեն 6 ընտանիք տեղափոխվել է, մյուսները տեղափոխման փուլում են, բոլորն էլ այս հյուրանոցում են մնալու, բարձրակարգ հյուրանոց է, որտեղ նաև սնունդ է տրամադրվելու, այն Երևանում է գտնվում: Գրեթե լուծումը պարզ է, ուղղակի դեռ չեմ կարող հայտարարել դրա մասին: Փլված շենքում ընդհանուր 12 ընտանիք են, բայց ոնց հասկանում եմ, թվերը վերջնական չի՝ փլատակների տակ մնացած և մահացած քաղաքացին միայնակ էր ապրում, հնարավոր է՝ թիվը դառնա 11»,- 168.am–ին ասաց վարչապետի օգնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս